News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռումինական Ակադեմիան նոյեմբերի 15-ի իր ընդհանուր ժողովում Ակադեմիայի հետմահու անդամի կոչում է շնորհել նշանավոր պատմաբան, արեւելագետ եւ հայագետ Հակոբ Սիրունուն:

Երիտասարդ տարիներին Կ. Պոլսի գրական-հասարակական կյանքի խոստումնալից գործիչ, Դանիել Վարուժանի հետ «Նավասարդ» տարեգրքի համահրատարակիչ Հակոբ Ջոլոյան Սիրունին (1890-1973թթ.), փրկվելով եղեռնից, 1922թ. ի վեր ապաստանել է Ռումինիայում, ուր նշանավոր ռումին պատմաբան Նիկոլաե Յորգայի հովանավորությամբ ծավալել է գիտական-ստեղծագործական լայն գործունեություն` այդ երկրում սկիզբ դնելով արեւելագիտության եւ հայագիտության ճյուղերին:

Բազմակողմանի հետաքրքրությունների տեր գործիչը Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո, մեղադրվելով ազգայնական գաղափարների համար, 1945թ. աքսորվել է Սիբիր, որտեղից տասը տարի հետո վերադառնալով Ռումինիա, կրկին նվիրվել է գիտությանը եւ հասարակական գործունեությանը:

Վերջին տարիներին ռումինական գիտական եւ հասարակական շրջանակներում աճել է հետաքրքրությունը Հակոբ Սիրունու հանդեպ: Ռումինական ակադեմիական շրջանակներում եւ մամուլում քննարկվում էր նշանավոր գիտնականի վաստակի հետմահու պատշաճ գնահատման հարցը: Ռումինահայոց միությունը, եկեղեցին եւ Հայաստանի դեսպանությունը նույնպես հետեւողական ջանքեր են գործադրում այս ուղղությամբ:

Հատկապես ծավալուն գործ է կատարել ռումինահայ գրող, հրապարակախոս եւ լրագրող Վարդան Առաքելյանը, ով անցյալ տարի հրատարակել է «Սիրունի. մի հալածյալի ոդիսականը» ուսումնասիրությունը: Նրա իսկ նախաբանով լույս է տեսել նաեւ «Հակոբ Ջոլոյան Սիրունի. հայ գիտնականի աշխատանքը Ռումինիայում» բիբլիոգրաֆիական հատորը:

Վարդան Առաքելյանը մանրակրկիտ հետազոտություն է կատարել ռումինական պետական արխիվներում, Ռումինիայի ԱԳՆ, ինչպես նաեւ Սեկուրիտատեի արխիվներում ու այլ հանրային եւ մասնավոր հավաքածուներում` պարզելու համար Սիրունի մարդու, ազգային նվիրյալ գործչի եւ հմուտ գիտնականի բարդ ուղին:

Դեսպան Համլետ Գասպարյանի կարծիքով, վերջին հետազոտությունները, ինչպես նաեւ Հակոբ Սիրունու թողած գիտական ժառանգության ու հարուստ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությունը կնպաստեն Ռումինիայում հայագիտության վերածննդին, որի հիմնադիրներից է եղել նշանավոր գիտնականը:

Մեկուկեսդարյա պատմություն ունեցող Ռումինական Ակադեմիայի անդամ են եղել մի շարք ռումինահայեր, որոնց մեջ` գրականագետ եւ տեսաբան Կարապետ Իբրաիլեանուն (1871-1936), տնտեսագիտական մտքի մեծերից Վիրջիլ Մաջարուն (1887-1940), մեծ մտածող, մաթեմատիկոս, կրթական համակարգի բարեփոխիչ Սպիրու Հարեթը (1851-1912), աշխարհահռչակ գերոնտոլոգ Աննա Ասլանը (1897-1988):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ