News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը փորձեց Գաբրիել Պողոսյանից ճշտել, թե ինչն էր պատճառը, որ հրաժարվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնից: Ներկայացնում ենք մեր զրույցը:

Պարոն Պողոսյան, ի՞նչն է պատճառը, որ հրաժարվեցիք «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից, չէ՞ որ մրցույթում հաղթել էիք:

Մրցույթում հաղթել էի, այո, հետո հրաժարվեցի: Ծանրաբեռնված եմ, գործերս շատ է, ժամանակ չունեմ այդքան, դժվար աշխատանք է: Ուղղակի ծանրաբեռնված եմ տարբեր գործերով` ընտանեկան, աշխատանքային:

Իսկ մինչ մրցույթին դիմելը ծանրաբեռնվածությունը չէի՞ք կանխատեսել:

Չէի կանխատեսել:

Ճնշումներ եղե՞լ են ձեր վրա, թե՞ ձեր կամքով եք հրաժարվել:

Ո՞վ ճնշի:

Օրինակ` բնապահպանության նախարարությունից:

Ոչ մի ճնշում, ոչ մի հակառակորդ, ոչ մի բան, նորմալ է:

Կարծիք կա, որ մեծ դեր է խաղացել հանրային ճնշումը, բնապահպանների բարձրացրած աղմուկը:

Ոչ, ոչ, նորմալ է: Բնական է:

Մեծ աղմուկ էր բարձրացրել մրցույթի ժամանակ ձեր կողմից հնչեցված պատասխանները:

Իմ պատասխանները շատ նորմալ է եղել, 85 տոկոս ձայն եմ հավաքել, հարցերին լրիվ պատասխանել եմ, ճիշտ է` թերի էլ է եղել, բայց պատասխանել եմ, բոլորը ընթերցել եմ, տեսել եմ:

Ասում են, թե ձեզ մրցույթում հաղթելուն շատ է օգնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մտերիմը լինելը:

Ոչ, ոչ, նման բան չկա, շատ սխալ բաներ են: Չի կարելի նման բաներ ասել: Պարապել եմ, կարդացել եմ, ինչքան հնարավոր է, այդ հարցերին պատասխանել եմ, ոչ մեկ ինձ ոչ օգնել է, ոչ էլ պատրաստ է օգնելու:

Նորից մրցույցթին կմասնակցե՞ք, եթե ձեր ծանրաբեռնվածությունը թեթեւանա:

Դեռ ոչ, եթե նման ձեւի շարունակվի, չեմ մասնակցի:

Նման ձեւի ինչպե՞ս, հրապարակային քննություն լինի՞:

Ոչ, ոչ, եթե իմ գործերը նման  ձեւով շարունակվեն, չեմ մասնակցի, զբաղված եմ, շատ գործեր ունեմ:

Ձեր հասցեին հնչեցված քննադատությանը ո՞նց եք վերաբերում:

Ոնց ուզում, նենց գրում են, ում ոնց ձեռ է տալիս: Ուժեղ մարդու համար են գրում, թույլի վրա չեն գրում:

Մեկ էլ անընդհատ շրջանառվում էր ձեր մականունը, կպատմեք ձեր մականվան պատմությունը:

Ի՞նչ մականուն` «Նոնո»: «Նոնո» ինձ ասել են փոքր ժամանակվանից` «նոնո, լոլո», վրացական բառեր են, «նոնո» նշանակում է տղա, ուրիշ ոչ մի բան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ Գաբրիել Պողոսյանը չի ղեկավարի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ը: Նոյեմբերի 28-ին լրացավ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման ժամկետը: ՀՀ բնապահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նոյեմբերի 23-ին կայացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված Գաբրիել Պողոսյանը չի նշանակվել այդ պաշտոնում: «Գաբրիել Պողոսյանը՝ գիտակցելով առկա դժվարությունները եւ ունենալով նաեւ լրացուցիչ այլ ծանրաբեռնվածություն, խնդրել է ընթացք չտալ տնօրեն նշանակվելու խնդրանքով ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացրած իր դիմումին: Այդ հիմքով իսկ կասեցվել է տնօրենի նշանակման գործընթացը»,- հայտնել էին նախարարությունից:

Հիշեցնենք, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում հաղթել է Գաբրիել Պողոսյանը, որը հայտնի է «Նոնո» մականվամբ։  Ըստ շրջանառվող տեղեկությունների` վերջինս բարձրագույն կրթություն չունի, ավարտել է միայն միջնակարգ դպրոցը։ Մինչդեռ հայտարարված մրցույթի պահանջների մեջ պարտադիր պայման է եղել բարձրագույն կրթության եւ համապատասխան դիպլոմի առկայությունը։ Լրատվամիջոցներում լուրեր էին տարածվել, թե Նոնոն այդ պաշտոնին նշանակվելու է եւ մրցույթում հաղթել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհիվ։ «Նոնոն եղել է ԱԺ նախագահի եւ նրա եղբոր՝ Ջոնիկի մտերիմը։ Ասում են, որ նա պարբերաբար որսամիս է մատակարարել Աբրահամյաններին։ Բացի այդ, Նոնոն Աբրահամյանների շնորհիվ եղել է Արտաշատի ավագանու անդամ»,- գրել էր «Ժամանակը»:

Գաբրիել Պողոսյանի քննության տեսանյութը` ստորեւ

Տպել
Ամենաշատ