News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ: Այդ մասին ասվում է «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտության մեջ: Այն իրենից ներկայացնում է համապարփակ հետազոտություն ՀՀ զբոսաշրջության եւ հյուրանոցային գործունեության ոլորտի վերաբերյալ, որի նպատակն է գնահատել տվյալ ոլորտի ընթացիկ վիճակը եւ զարգացման դինամիկան Հայաստանում:

Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են մի շարք հետաքրքիր տվյալներ: Պարզվում է, որ վերջին 7 տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է հյուրանոցների ընդհանուր թվի կրկնակի աճ, սակայն հյուրանոցային համարներում առկա մահճակալների թիվն աճել է ընդամենը 1.4 անգամ, քանի որ երկրում աճել է փոքր հյուրանոցների քանակը, այսինքն, Հայաստանում բացվել են շատ կացարաններ` թվով քիչ սենյակներով: 

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ 2011թ.-ին շուրջ 5.2 միլիոն մարդ այցելել է  Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրներ` գործարար, հանգստի կամ այլ նպատակներով: Հատկանշական է, որ  վերջին 10 տարվա ընթացքում միջազգային ժամանումների բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպի (CAGR) ամենաբարձր ցուցանիշը Վրաստանինն է` 25.2%, այնուհետեւ Հայատանինը` 16.7%, իսկ Ադրբեջանինը`10.5%: Այս ցուցանիշները վկայում են, որ զբոսաշրջիկության զարգացման տենդենց կա հատկապես Վրաստանում եւ Հայաստաում: 

«Ամերիա» ՓԲԸ կառավարման խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ Արման Փորսուղյանը նշեց. «Հետազոտությունն իրականացրել ենք միջազգային համբավ ունեցող մի շարք հետազոտական կենտրոնների` Colliers International, HVS Global Hospitality Services, Richard Cancellor եւ այլն ընկերությունների կողմից տրամադրված տվյալների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացված տարածաշրջանային հետազոտությունների արդյունքների հիման վրա: Հետազոտությունը ոչ միայն ներկայացնում է իրավիճակային վերլուծություն, այլ տալիս է փորձագիտական գնահատականներ Հայաստանի եւ տարածաշրջանի հյուրանոցային ոլորտների վերաբերյալ, ինչպես նաեւ ներկայացնում է հյուրանոցային ոլորտի զարգացման հնարավորություններն ու դինամիկան Հայաստանում եւ Հարավային Կովկասի տարածաշրջանում»:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ  կներկայացվեն  սույն թվականի դեկտեմբերի 14-ին նախատեսվող կլոր սեղանի ժամանակ, որին կմասնակցեն ոլորտի շահագրգիռ կողմերը, միջազգային կազմակերպություններ, փորձագետներ եւ այլն: Ցանկացողները մասնակցության համար կարող են դիմել «Ամերիա» ՓԲԸ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ