News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Բլից հարցազրույցներ ԱԺ պատգամավորների» հետ շարքի շրջանակներում NEWS.am-ը ներկայացնում է իր հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր Մանվել Գրիգորյանի հետ:

Սկսենք սկզբից: Ո՞վ եք դուք:

Պատասխանեմ շատ կարճ` Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Որպես գեներալ, պատգամավոր եւ պարզապես Մանվել Գրիգորյան` ինչպիսի՞ն եք:

Զորավար-գեներալ, երկրապահ եմ: Էությամբ երկրապահ եմ, իսկ որպես պատգամավոր` այդ գործերի պատասխանատվության կրողն եմ:

Մանուկ Մանվել Գրիգորյանը… Դուք է՞լ եք մանուկ եղել, ժիր ու սիրունիկ… : Օրինակ, ի՞նչ էիք երազում դառնալ մանուկ հասակում եւ ի՞նչ եք դարձել,  իրականացե՞լ են ձեր երազանքները:

Չէ, դե իմ մանկության տարիների երկիրն ու հիմիկվանը նույնը չեն: Էն ժամանակ այլ երկրում էինք ապրում, իդեալներն ուրիշ էին, քարոզվող բարքերը, արժեքներն ուրիշ էին: Սովետի տարիների էրեխեն ի՞նչ պիտի երազեր` դա կապ չունի մեր այսօրվա իրականության հետ: Այսօր լրիվ ուրիշ իրավիճակ է: Հիմա անկախ, հզոր պետություն ենք, ունենք առողջ հասարակություն, ինչքան էլ որ չուզողները փորձեն այլ կերպ ներկայացնել, ունենք միասնական ժողովուրդ` համազգային խնդիրների շուրջ մեր ազգը լավ էլ համախմբված է:

Հաղթանակներ շատ եք ունեցել: Ամենանշանակալին ո՞րն էր: Պարտություններ եւս ունենո՞ւմ եք, թե՞ գեներալները միայն ու միշտ հաղթող են:

Թշնամու դեմ պատերազմում երբեք չեմ ունեցել պարտություն: Էդ իրանք լավ են հիշում, դրա համար էլ չեն համարձակվի մի անգամ էլ մեր պետության դեմ դուրս գան: Իսկ հանուն երկրի, հանուն պետության, հանուն մարդկության մեր երկրի ներսում կոմպրոմիսների գնում եմ: Բա ի՞նչ անեմ: Բա հո չենք թողնելու, որ մեր ստեղծած պետությունը, մեր ընկերների արյամբ ստեղծված պետությունը քանդվի: Առանձնացնել հաղթանակներից մեկը դժվար է: Հադրութի ինքնապաշտպանությունն էլ էր կարեւոր, Մարտակերտի ազատագրումն էլ էր կարեւոր, Ֆիզուլին վերցնելն էլ շատ կարեւոր էր` այնտեղից ամեն օր մեր գլխին կրակ էին թափում: Առավոտ որ տեսնում էի Ֆիզուլուց մեր դեմ ուղղված հրանոթների փողերը, ուշք ու միտքս էն էր, թե որ օրը պետք է թուրքին քշենք այդ տարածքից: Բայց ընդհանրական ամենամեծ հաղթանակը, որ մենակ իմ հաղթանակը չի, այլ բոլորինս` հայ մարդունը, հայ տեսակինը, մեր անկախությունն է, անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծումն ու անկախ Արցախի Հանրապետության ստեղծումը: Այս արժեքները պահելու, պահպանելու համար ես դեռ ընդունակ եմ հաղթել:

56 տարեկան եք: Կյանքից ստացած ամենակարեւոր դասերը որո՞նք են:

Մարդկային արժանիքները, մարդկային որակները պահպանելը, մարդ մնալը` մարդ մնալ կարողանալը:

Ի՞նչ սխալներ կամ ի՞նչ մեղքեր եք գործել կյանքում` եթե համարենք, որ անսխալական մարդ չկա:

Սխալներիցս մեկն այն է, որ Սաֆարովի պես մարդկանց ճիշտ չենք պատժել: Մենք մարդասեր ենք, քրիստոնյա: Թուրքը մեզ պատերազմ էր պարտադրում, մենք իրեն` խաղաղություն: Բայց երեւի պիտի մի քիչ էլ դաժան վարվեինք հետները, որ այսօր էլ չթպրտային, որ աշխարհում որտեղ հայ տեսնեին` կիլոմետրերով փախնեին:

Թեեւ ուժեղ, խիստ մարդու համբավ ունեք, բայց կարող է թուլություններ եւս ունենաք: Կբացահայտե՞ք մեզ համար:

Ես խիստ եմ անարդարության նկատմամբ, դավաճանության նկատմամբ: Խիստ եմ իրենց պարտականությունները չկատարողների նկատմամբ: Հայ մարդու, հայ ընտանիքի, երեխաների, մտերիմների նկատմամբ խիստ չեմ: Ամեն ինչ չափի մեջ է: Բոլորին էլ սիրում-հարգում եմ: Այդ կատեգորիաներն ինձ համար արժեք են:

Պարոն Գրիգորյան, հնարավոր է ձեր այդ խիստ, «ահասարսուռ» կերպարի տակ նուրբ հոգի ունեցող անձնավորություն է թաքնված, թե սին պատրանքներ են:

Դե, արդեն ասացի:

Թերթում  ենք  ձեր  հիշողությունների  գիրքըո՞րն  է  ձեր  ամենաուրախ  եւ  ամենատխուր  օրը: 

Տխրել եմ, վշտացել, երբ որբացել եմ, մանավանդ, երբ մորիցս եմ որբացել: Տխրել ու վշտացել եմ, երբ պատերազմի դաշտում ընկեր եմ կորցրել: Ուրախացել եմ երեխաներիս, թոռներիս ծնունդով, նրանց հաջողություններով: Ուրախացել եմ մեր ազգի հաղթանակներով:

Ի՞նչը ձեզ տարավ ռազմի դաշտ, ի՞նչ թողեցիք այնտեղ եւ ի՞նչ բերեցիք այնտեղից:

Թող մեծամիտ չհնչի` ինձ արյան կանչը տարավ պատերազմ: Իմ նախնիներից եմ մարդկային էս տեսակը ժառանգել: Մենք չենք կարողանում հանգիստ նստել, երբ կողքներս անարդարություն է կատարվում, երբ մեր ազգին օտարները ուզում են տիրել: Իմ պապերը Սարդարապատի ճակատամարտին էլ են մասնակցել: Հետո, դեռ մեծերիս պատմածներից գիտեի, որ Սարդարապատի ճակատամարտին, որի հիմնական թատերաբեմերից մեկն էլ իմ ծննդավայր Արշալույս գյուղն է եղել, արցախցիներ էլ են հերոսաբար մասնակցել: Բա իրենք մեր գյուղը պահել են, ես ինչո՞ւ պետք է իրենց չպաշտպանեի: Հասկանում էի նաեւ, որ թուրքին պետք է մեր տնից ինչքան հնարավոր է` հեռվում կանգնեցնել: Թե չէ, որ դեմը չառնեինք, կգար` սաղիս տներն էլ կմտներ: Սա ինձ համար պատվի հարց էլ էր` հայի պատիվ, հայ տղամարդու պատիվ: Պատերազմի դաշտում թողեցի հերոս մարտական ընկերներ` նրանցից ամեն մեկն ինձ համար անգնահատելի գանձ էին; Իսկ պատերազմում ձեռք բերեցինք անկախություն` անկախ Հայաստան, անկախ Արցախ:

Զինվորական ծառայությո՞ւնն է ձեզ ավելի հոգեհարազատ, թե՞ ԱԺ-ն:

Ինձ հոգեհարազատ են հայ ժողովուրդը, հայոց բանակը եւ երկրապահը: Այսօր իմ` ԱԺ-ում լինելն էլ իմ դավանած արժեքներին ծառայելու միջոց է:

Ի՞նչ երբեք չեք արել եւ չեք անի:

Հիմա ասե՞մ: Գրի, ասում եմ: Ես համարում եմ, որ հայ տղամարդը միայն 2 բան երբեք չպետք է անի` ազգին, հայրենիքին չդավաճանի եւ երեխա չբերի: Մնացած ամեն ինչ կարելի է հանուն քո երկրի, հանուն քո հարազատների, հանուն քո արժեքների:

Ո՞վ է մերօրյա լավագույն քաղաքական գործիչը:

Նա, ով մտածում է երկրի, պետության եւ ժողովրդի մասին:

Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: Պաշտոն, փող, դիրք, կոչումներ, էլ ի՞նչ է հարկավոր կատարյալ երջանկության համար:

Այո, ես երջանիկ մարդ եմ: Երջանիկ եմ, որ անկախ երկրում եմ ապրում եւ որ բախտ է վիճակվել մասնակից լինել այս անկախության ծնունդին: Անկախ Հայաստանի քաղաքացի եմ: Քանի-քանի ազգասեր հայեր են երազել այս օրը, կյանքը տվել են այդ գաղափարին, բայց չեն տեսել իրենց երազը կատարված: Երջանիկ եմ մեր անկախ պետությամբ, իսկ մնացածը պետք է ստեղծել:

Ի՞նչն է ձեզ զայրացնում եւ ամենազայրացած ժամանակ ինչի՞ եք ընդունակ:

Զայրանում եմ, երբ ոտնձգություն է լինում պետության, պետական սահմանի, հայ մարդու, հայ արժեքների նկատմամբ, հավատի նկատմամբ: Ինչի՞ եմ ընդունակ` արդեն ասացի` բացի էն նշածս երկու բանից` ամեն ինչի:

Ձեզ դեռ կարելի՞ է ինչ-որ բանով զարմացնել, թե՞ չափազանց շատ բան եք տեսել կյանքում:

Հայ մարդը պատմության մեջ ինչ ասես, որ չի տեսել, ինձ էլ է բաժին հասել: Բայց 21-րդ դարում զարմանում եմ այն մարդու վրա, ով եղածը չի ավելացնում, գոնե չի պահպանում, այլ քանդում է:

Ի՞նչ չեք սիրում:

Դավաճանություն, նենգություն, թշնամություն:

Ո՞ւմ եք խղճում:

Խղճում եմ նրան, ով իր արժեքը չգիտի, ով արժեքները գնահատել չգիտի:

Ինչի՞ համար եք զղջում:

Սաֆարովի մասին արդեն ասացի չէ՞: Զղջում եմ, որ իմ եւ իմ ընկերների գործը դեռ կիսատ է:

Լռում էլ ե՞ք;

Լսելուց լռում եմ, բայց որ անարդար բան եմ տեսնում` չեմ կարող լռել: Երբեմն էլ ոչ թե բառերով եմ խոսում, այլ` գործով:

Ո՞վ է ձեզ հիասթափեցրել:

Այն մարդիկ, ում, ասացի, որ խղճում եմ: Գիտես` մարդիկ կան, որ ամեն ապրանքի գինը անգիր գիտեն, բայց հեչ գաղափար չունեն` ինչ է արժեքը: Մարդը պետք է կարողանա արժեքները գնահատել:

Ի՞նչը կարող է ձեզ հուզել:

Ներքին պառակտումը, արժեքների, արժանիքների, արժանավորներին ճիշտ չգնահատելը:

Աստծուց բացի ո՞ւմ եք հավատում:

Մարդուն, իր արժեքն իմացող մարդուն: Մարդն էլ, եթե ճիշտ մարդ է` Աստված է: Չե՞ք կարդացել` Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն: Եթե մարդը մարդ է, նա Աստծո մարմնացումն է: Այդ տեսակ մարդուն չի կարելի չհավատալ:

Ինչ-որ բան կա՞, որ ուզում եք:

Իհարկե կա, բայց անձնական չի: Անձնականն, ասացի, կարող ենք ստեղծել: Շատ եմ ուզում, որ ունենանք էլ ավելի հզոր պետություն, ունենանք հասկացող նոր սերունդ:

Կա՞ ինչ-որ մեկը, ում նախանձում եք;

Հա: Բարի նախանձով: Բարի նախանձ ունեմ այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինձանից շատ են աշխատում: Նման մարդիկ կան:

Ձիարշավարան, որս: Էլ ի՞նչ հոբբիներ ունեք:

Սիրում եմ բնությունը` բուսական աշխարհը, կենդանական աշխարհը: Բնության մեջ ինձ լավ եմ զգում: Մի բան է, երբ արվեստի միջոցով ես բնությանը հաղորդակցվում` ֆիլմ նայել, նկար նայել, գիրք կարդալ, երգ լսել, բայց երբ դու ինքդ ես բնության մեջ, դա ուրիշ զգացողություն է:

Ինչի՞ց եք հոգնում:

Չաշխատելուց:

Վերջին կարդացած գիրքը:

Երիտասարդ երկրապահների միության աշխատանքային ծրագիրն անընդհատ սեղանիս է, դա իմ սեղանի գիրքն է:

Ձեզ պատմական կամ գեղարվեստական որեւէ հերոսի նմանեցնո՞ւմ եք:

Բոլոր մեր մեծ հերոսներն էլ օրինակ են ինձ համար; Նրանք բոլորն էլ անփոխարինելի են` ամեն մեկից էլ փորձում եմ լավ կողմերը վերցնել: Չի կարելի մեկին առանձնացնել: Բայց ես ինքս ինձ եմ նման:

Սիրելի գույնը, ծաղիկը, թռչունը:

Սիրում եմ բնությունը տարվա բոլոր ամիսներին: Աստված եթե ստեղծել է, եթե դա բնությունն է, բնականն է, ուրեմն գեղեցիկ է: Բոլոր գույներն էլ սիրում եմ, սիրում եմ գույների ներդաշնակ, ճիշտ համադրությունը:

Ինքներդ ձեզանից դժգոհ մնալու առիթներ ունեցե՞լ եք:

Երրորդ անգամ ասեմ` դժգոհ եմ, որ էն սաֆարովների մասով մեր գործը կիսատ է մնացել:

Ո՞վ է կինը, կսահմանե՞ք:

Ամենալավ, ամենաբարի, ամենագեղեցիկ կինը մայրս էր: Վերեւում Աստված, ներքեւում` մայրս: Բոլոր հայ մայրերն են գեղեցիկ, հայ կանայք: Հայ մայրերը, որ չլինեին, հայ ազգն այսքան հաջողություններ չէր ունենա:

Իսկական  տղամարդը  չի  ծխումչի  խմում,  «լեւի»  չի  գնումչի  վիճում  եւ  պարզապես  գոյություն  չունիԻ՞նչ  կասեք:

Էդ քո ասածը մեր Սիմոնյանն ա: Պատերազմի ժամանակ թողեցինք բազայում` աշխատակցուհու հետ: Երեք ամիս հետո, որ իջանք բազա, էն խեղճ աղջիկը վազեվազ դեմներս եկավ, թե «Էս Սիմոնյան ի՞նչ տղամարդ` ոչ խմում ա, ոչ ծխում ա, ոչ էլ կնիկ սիռում ա»:

Ասում  ենթե  տղամարդը  երգում  է դեպքում` երբ  ամեն  ինչ  վատ  էտխրությունիցերբ  ամեն  ինչ  լավ է` ուրախությունից  եւ  երբ  ամեն  ինչ  նորմալ  էուղղակի  ձանձրույթիցԴուք  վերջին  անգամ  ե՞րբ  եք  երգել  եւ  ի՞նչ  առիթով:

Երգ-երաժշտություն շատ եմ սիրում, բայց ես լավ չեմ երգում: Ավելի շատ լսում եմ երգեր, քան երգում եմ: Միշտ, ամեն մի տրամադրության մեջ էլ լսում եմ այդ պահին հարմար երգեր: Մանավանդ հայրենասիրական երգեր եմ շատ սիրում:

Մանվել Գրիգորյանին կարելի՞ է տեսնել գիշերային ակումբներում, խաղատներում կամ այլ ժամանցի կենտրոններում:

Ժամանց, հաճելի միջավայր, միջոցառումներ, քեֆեր սիրում եմ, բայց մտերիմներիս, հարազատներիս հետ, ընկերներիս հետ` ընտանեկան մթնոլորտում:

8 երեխա ունեք: Փիլիսոփաներից մեկը ասել է, թե  մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում` դատապարտում են նրանց, այնուհետև` ներում են նրանց։ Հիմա ձեր ընտանիքում ո՞ր փուլն է:

Ճիշտ է, որ ամեն տարիքում երեխան իր բնավորությունն է ունենում: Հիմա մեր ընտանիքում ամեն տարիքի երեխա էլ կա: Մեծ աղջիկս 34 տարեկան է, փոքր որդիս` Վազգենը` 6 տարեկան: Էլ չեմ ասում թոռներս: Թոռներս էլ իմ էրեխեքն են: Ես նորածին թոռնիկ էլ ունեմ: Մեր ընտանիքում ծնողի եւ երեխաների հարաբերությունները ավանդական հայկական են` փոխադարձ հարգանք, սեր:

Բուշը ասում է, թե  դյուրին է հայր դառնալ. հայր լինել, ընդհակառակը, դժվարին է: Հիմա ձեր բազմաթիվ «գործերից» ո՞րն է ամենադժվարը` ամուսնու, հոր, պատգամավորի, թե գեներալի:

Ընտանիքը սրբություն է եւ պարտականություն, գեներալ լինելը պարտք է հայրենիքի նկատմամբ, երկրապահ լինելը դաստիարակություն է եւ ապագայի հանդեպ հավատ: Պատգամավոր լինելն այսօր անհրաժեշտ էր երկրապահի մեր գործի համար, սերունդների, հայրենիքի առջեւ պարտքը կատարելու, մարտական ընկերների առջեւ պարտքը կատարելու համար` որպես հիմնական գործին օժանդակող միջոց: Դե այսօր այդպես է` մենք չենք ուզում քաղաքականությամբ զբաղվել, մեկ ա` քաղաքականությունը զոռով էլ մեզանով զբաղվում է:

Արդեն ավանդույթ է դարձել, որ շարքին մասնակցող պատգամավորը պետք է հարց տա իրենից հետո շարքին մասնակցող հաջորդ պատգամավորին:

Հարցրեք ձեր հաջորդ հյուրին, թե նա ի՞նչ է մտածում քնելուց եւ ի՞նչ տրամադրությամբ է արթնանում, ի՞նչ տրամադրվածությամբ, ի՞նչ պարտավորվածությամբ տվյալ օրվա, երկրի, պետության առջեւ:

Ձեզ շարքին մասնակցող նախորդ պատգամավորը` ԲՀԿ-ից Արագած Ախոյանը հարցնում է, թե բնավորության ո՞ր տեսակն եք սիրում` խոլերիկ, սանգիվինիկ, մելանխոլիկ, ֆլագմատիկ:

Ի՞նչ էլ դժվար հարց ա տվել տնաշենը: Իմը հիմա բնավորության ո՞ր տեսակն է: Ես սիրում եմ հայ մարդուն, հայի տեսակը, ով գիտի իր արժեքը: Լավ, իսկական հայ մարդը, իր արժեքն իմացող հայ մարդը կատարյալ է:

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ԱԺ-ում «նորաբնակներից է», Հանրապետական խմբակցության անկուսակցական պատգամավոր: Մասնագիտությամբ իրավաբան է: 1988 թվականից  մասնակցել է արցախյան ազատամարտին: 1999թ. ՀՀ ԵԿՄ  վարչության նախագահն է: 2000-2008թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ մարտական պատրաստության գծով: Ամուսնացած է, ունի 8 զավակ:

Ավելի վաղ NEWS.am-ը ներկայացրել էր հարցազրույց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Հայկ Գրիգորյանի, Մարգարիտ Եսայանի, Գարեգին Նուշիկյանի, Հովհաննես Սահակյանի, Արտակ Զաքարյանի, Կարինե Աճեմյանի, Արտակ Դավթյանի, Սամվել Ֆարմանյանի, Շիրակ Թորոսյանի, Հայկ Բաբուխանյանի, Սուքիաս Ավետիսյանի, Կարեն Ավագյանի, Էդուարդ Շարմազանովի, Տաճատ Վարդապետյանի, Սամվել Նիկոյանի, Ռուզաննա Մուրադյանի, Արթուր Գեւորգյանի, Գալուստ Սահակյանի, Մկրտիչ Մինասյանի,Մանվել Բադեյանի, Շուշան Պետրոսյանի, Կարինե Պողոսյանի, ՕԵԿ-ից` Հեղինե Բիշարյանի, Կարեն Բոթոյանի. Խաչիկ Հարությունյանի, Հովհաննես Մարգարյանի, ԲՀԿ-ից`Տիգրան Ուրիխանյանի, Էլինար Վարդանյանի, Վահե Էնֆիաջյանի, Նաիրա Զոհրաբյանի, Գուրգեն Արսենյանի, Վահան Բաբայանի, Արմեն Ավետիսյանի, Բազմասեր Առաքելյանի, Միքայել Մելքումյանի, Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո), Մարտուն Գրիգորյանի,Լյովա Խաչատրյանի,Մերուժան Սիմոնյանի, Արագած Ախոյանի, ՀԱԿ-ից` Լյուդմիլա Սարգսյանի, Հրանտ Բագրատյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Մանուկյանի , «Ժառանգությունից»` Ռուբեն Հակոբյանի, Խաչատուր Քոքոբելյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Թեւան Պողոսյանի, ՀՅԴ-ից` Արծվիկ Մինասյանի,  Աղվան Վարդանյանի, Արմեն Բաբայանի,  անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ:

Շարքը` Ինգա Մարտինյանի

Տպել
Ամենաշատ