Հայաստանի Ազգային Ժողովի արտահերթ նիստում այսօր՝ դեկտեմբերի 17-ին քվեարկության դրվեցին մի շարք տնտեսական օրենքներ:
93 կողմ, 1 դեմ, 6 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Հարկային եւ պարտադիր սոցիալական վճարների արտոնություններ սահմանելու մասին» օրինագիծը;
Քվեարկության դրվեց նաեւ «Շրջանառության հարկի մասին» եւ կից օրենքների փաթեթը: Այս անգամ այն ստացավ 67 կողմ ձայն (15 դեմ եւ 22 ձեռնպահ); ԲՀԿ խմբակցության անունից Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու, քանի որ պատգամավորներին բաժանած նախագծում բացակայում են այն առաջարկությունները, որոնք ՀՀ կառավարությունն ընդունել էր խորհրդարանական քննարկումների ընթացքում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ եթե այդ առաջարկությունները հաշվի չառնեն, ապա երկրորդ ընթերցմամբ քվեարկության ժամանակ ԱԺ-ն կարտահայտի իր վերաբերմունքը: Ի դեմ՝ նույնատիպ հարցեր առաջացան նաեւ այլ նախագծերի ժամանակ՝ կառավարությունը ինչ-ինչ պատճառներով չի հասցրել խմբագրել նախագծերը:
Աժ-ն նաեւ ընդունեց հետեւյալ նախագծերը. «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, 5. «Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին, «Դրամարկղային գործառույթների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ընդերքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին:


























