News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է ներկայացնել հարցազրույցներ Հայաստանում գործող դիվանագետների հետ: Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին պատմեց իր փորձի, իտալական խոհանոցի եւ լավ դիվանագետի գաղտնիքների մասին.

Եղե՞լ է, որ Ձեր անձնական կարծիքը տարբերվի Ձեր երկիրի պաշտոնական դիրքորոշումից:

Երբեմն կարող է այնպես լինել, որ այն, ինչ ձեր կառավարությունը խնդրում է ձեզ անել, ճշգրտությամբ չի համապատասխանում ձեր գաղափարներին: Բայց Իտալիան ժողովրդավարական երկիր է, եւ Իտալիայի կառավարության կողմից կայացվող որոշումները հիմնականում հիմնվում են նրա վրա, թե ինչ են մատանացույց անում դեսպանները տեղերում: Անընդհատ մտքերի փոխանակում է տեղի ունենում դիվանագետների եւ կառավարության միջեւ` որոշումների կայացման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար:

Ի՞նչն է հատկապես ամենադժվարը:

Դիվանագիտական աշխատանքում ամենադժվարը  ամեն ինչում ճիշտ հավասարակշռություն գտնել է` ինչ որ անում ես, քանի որ այս մասնագիտությունն այնպիսին է, որ գործ ունի բազմաթիվ մարդկանց եւ բազմաթիվ հարցերի հետ: Մասնավորապես,  երբ մենք աշխատում  ենք արտերկրում, ցանկացած հարց կարող է հայտնվել դիվանագետի իրավասության ներքո: Այդ դեպքում դու չպետք է կանխակալ մոտեցում ունենաս եւ պետք է լայն մտահորիզոն ունենալ` լավ հասկանալու համար ընդհանուր իրավիճակն ու նրա բոլոր կողմերը: Հավասարակշռված գնահատականը լավ դիվանագետի գաղտնիքն է:

Դուք եղել եք բազմաթիվ երկրներում` Գանայում, Լյուքսեմբուրգում, Սլովենիայում եւ այլն: Ի՞նչ եք կարծում,  պե՞տք է դիվանագետն իր առջեւ նպատակ դնի տվյալ երկիրը գնալով:

Եթե նկատի ունեք մասնագիտական նպատակը, այսինքն այն, ինչ կապված է կոնկրետ առաքելության հետ, դա ձեզ վրա դրված է կառավարության կողմից: Յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները եւ յուրաքանչյուր կառավարություն` ուղարկող պետություն ունի իր հատուկ քաղաքականությունը: Դիվանագետը, անկախ նրա աստիճանից,  պետք է համապատասխանի այդ կոնկրետ առաքելությանը: Դա պրոֆեսիոնալ նպատակ է: Եթե նկատի ունեք անձնական նպատակները, ապա դա կախված է մարդու անձնական բնույթից: Ձեզ կարող են դուր գալ ինչ-ինչ նոր զգացողություններ. օրինակ, աֆրիկյան երկրներում հետաքրքիր կլինի սաֆարի փորձել: Եթե գնում ես հյուսիսային երկիր, որտեղ սառցե բնապատկերներ են, զգացողություններն այլ են: Այնպես որ, ամեն ինչ կախված է անձնական նախապատվություններից: Սական կարծում եմ, որ եթե գնում ես մի երկիր, պետք է փորձել այն, ինչ ամենաշատն ուզում ես, եւ ժամանակ չկորցնել: Այն պահից, երբ դու գալիս ես, պետք է ճանպարհորդես, տեսնես այն, ինչ այդ երկիրը կարող է ձեզ առաջարկել, եւ շփման մեջ մտել նրա հետ:

Կա՞ն բառեր կամ նախադասություններ, որոնք դիվանագետը երբեք չպետք է օգտագործի:

Ասում են, որ դիվանագետը երբեք չպետք է «ոչ» ասի: Սակայն ես կարծում եմ, որ ժամանակակից դիվանագիտության համար ավելի լավ է անկեղծ լինել, բաց  եւ շիտակ, քանի որ այսօր աշխարհն այնպես փոխկապակցված է եւ միշտ հնարավորություն կտա իմանալ ճշմարտությունը: Եթե դիվանագետը ստում է կամ փորձում է թաքցնել որոշ փաստեր, նա կարող է կորցնել վստահությունը: Հուսալի լինելու համար դիվանագետը պետք է անկեղծ լինի, հատկապես օտար երկրում:

Կա՞ ինչ- որ բան, որին կարոտում եք գտնվելով Իտալիայից հեռու:

Ոչ, ոչ մի բանի չեմ կարոտում: Հայաստանում ես ինձ զգում եմ  ինչպես տանը: Անգամ սննդի առումով: Որպես Իտալիայի դեսպան, ես շատ մշակութային միջոցառումներ եմ կազմակերպում ե դրանցից մեկը իտալական խոհանոցի փառատոնային շաբաթն է:  Թեեւ իմ փորձը մեծ չէ այդ ոլորտում, կարող եմ ասել, որ հայկական խոհանոցը յուրատեսակ միջերկրածովյան խոհանոց է, սակայն դուք չունեք ձեր խոհանոցային կոդեքսը: Կոդեքս ունենալ` նշանակում է  մշակել համադամության մշակույթ: Իտալիայում մենք դա արել ենք, եւ հասել ենք տարածաշրջանային խոհանոցի որակավարման 19-րդ դարում: Ձեզ մոտ կերակրատեսակների մեծ մասը միջերկրածովյան ոճի են, եւ որոշ դեպքերում մոտ են իտալական խոհանոցի ուտեստներին, որոնք սովորաբար պատրաստում են հարավային շրջաններում:

Ասում են, հայերն ու իտալացիները շատ ընդհանուր բաներ ունեն: Դուք համաձա՞յն եք:

Դա ճիշտ է: Ես զարմացած էի, երբ առաջին անգամ եկա այստեղ: Երբ ես եկա Հայաստան, սկզբում կարծում էի,  թե կհանդիպեմ ավելի շատ ասիականին մոտ մենթալիտետի եւ մշակույթի: Ի զարմանս ինձ` նկատեցի, որ հայկական մենթալիտետը մոտ է եվրոպականին եւ, մասնավորապես, շատ մոտ է Իտալիային: Մենք կարող ենք  կիսել ընդհանուր տարածաշրջանային արժեքներ, բարոյականության վերաբերյալ միեւնույն հայացքները, էթիկան, ընտանեկան հարցերում միեւնույն մոտեցումը եւ սոցիալական շփման հարցում  նույն միտումները: Այնպես որ, կարծում եմ, Հայաստանի եւ Իտալիայի միջեւ կա առանձնահատուկ, սերտ փոխկապակցվածություն:

Դիտե՞լ եք Հայաստան-Իտալիա խաղը:

Այո, իհարկե: Ներկա եմ գտնվել: Ես ոգեւորվել էի` տեսնելով, որ Հայաստանի հավաքականը խաղում է լավ եւ խելացի: Անգամ Իտալիայի  թիմի մարզիչ Պրանդելին դրական գնահատական տվեց Հայաստանի ազգային հավաքականի խաղին:Դեսպանը  բարեկամություն հաստատող անձ է:

Այս շարքում  կարող եք կարդալ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի դեսպանների հետ հարցազրույցները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ