Հայաստանի կոմունիստական կուսակցությունն, այսօր՝ դեկտեմբերի 29-ին կայացած Կենտրոնական կոմիտեի պլենումում որոշում է կայացրել բոյկոտել առաջիկա նախագահական ընտրությունները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի Կոմկուսի կենտկոմի երիտասարդական քաղաքականության հարցերով քարտուղար Երջանիկ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ այդ որոշման մեջ նշվում է սկսված քարոզարշավի ընթացքում անհնար է գաղափարական պայքար ծավալել, ինչը լրիվ անիմաստ է դարձնում Կոմկուսի կողմից նախագահի թեկնածուի առաջադրումը: Ավելին, քանի որ նախագահի պաշտոնի հավակնորդների շարքում չկա մեկը, ով հանդես կգա երկրի զարգացման սոցիալիստական ուղու օգտին, ՀԿԿ-ն հրաժարվել է պաշտպանել որեւէ թեկնածուի:

Ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու պատճառներից մեկը հայ կոմունիստները համարում են այն հանգամանքը, որ «անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում իշխանությունները տոտալ կերպով կեղծում են ընտրությունների արդյունքները եւ ներկայումս, ցավոք, այդ իրավիճակը փոխելու պայմաններ չկան»: