News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` փետրվարի 13-ին, բացվել է «Հակամարտությունը եւ հաշտեցումը Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայի կինոմշակույթում» միջազգային կինոփառատոնը:

Փառատոնը մեկնարկում է «Գալիցիայի երեք պատմությունները» ֆիլմի ցուցադրությամբ՝ այսօր ժամը  20:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կապույտ դահլիճում:

Այս տարվա փետրվարի 13-ից մինչեւ ապրիլի 10-ը Եվրոպայի եւ ԱՄՆ հայտնի ֆիլմարտադրողների 9 մրցանակակիր ֆիլմեր, որոնք անդրադառնում են հակամարտության, հաշտեցման, մարդկային խիզախության, կարեկցանքի զգայուն թեմաներին, կցուցադրվեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում:

Կինոփառատոնի նպատակն է կինոարվեստի միջոցով հայաստանյան հասարակությանը եւ մասնավորապես երիտասարդներին ներկայացնել Կենտրոնական-Արեւելյան Եվրոպայում հակամարտություններից եւ հաշտեցումից քաղված դասերը:

ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Հենրիետ Արենսն ասել է. «Արվեստը հզոր գործիք է: Այս ֆիլմերից շատերն առաջին անգամ են ցուցադրվում Հայաստանում, եւ դրանք ներկայացնում են մարդկային սրտառուչ պատմություններ: Եկեք ոգեշնչվենք այն մարդկանց օրինակով, ովքեր ունեցան այլ մարդկանց մասին հոգ տանելու քաջություն՝ սովորական մարդիկ, ովքեր արտասովոր քայլեր արեցին՝ պաշտպանելու մարդկային արժանապատվությունը: Նրանց օրինակը կարող է օգնել մեզ այսօր կառուցելու ավելի լավ աշխարհ»:

«Մոսկվա» կինոթատրոնի ղեկավարության աջակցության շնորհիվ ֆիլմերի ցուցադրությունն անվճար է, եւ փառատոնը բաց է բոլորի համար:

Կինոփառատոնը հնարավոր է դարձել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, Բուլղարիայի, Չեխիայի, Գերմանիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի եւ Ուկրաինայի դեսպանությունների համատեղ ջանքերով:

Տպել
Ամենաշատ