News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարկային փոփոխություններում, որոնք ուժի մեջ մտան 2013 թ. հունվարի 1-ից, տեղեկատվական տեխնոլոգիաների համար կան եւ դրական, եւ բացասական կետեր: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Հովհաննես Ավոյանը:

«Կետեր կան, որ բավականին բացասական են, մեզ խանգարում են, լավ մտածված չեն, թեեւ դրական փոփոխություններ եւս կան: Ավելի բարդացրել են հաշվապահական հաշվետվությունները, դրանք ավելի մանրակրկիտ եւ ժամանակատար են դարձել; Նախկինում կարողանում էինք աութսորսինգով դրսում պատվերներ տալ, հիմա դժվարացել է, քանի որ լրացուցիչ 20% հարկ ենք տալու»,- ասաց Հ. Ավոյանը:

ԻՏՁՄ իրավաբան Արկադի Սահակյանն էլ նշեց, որ հարկվելու են նաեւ դրամաշնորհները, ինչը կվտանգի նոր գումարների ստացումը: «Եթե պետք է 20%-ով դրամաշնորն ավելացնեն, կտանեն Մալայզիա, այլ ոչ թե Հայաստան»,- ասաց Ա. Սահակյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը սակայն ժխտեց, թե հարկային փոփոխությունները լուրջ խնդիրներ են առաջացրել ՏՏ ոլորտի համար: «Ֆինանսների նախարարությունում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել ենք, դժգոհությունների մեծ մասը ոնց որ թե դուրս եկան: Եթե օրենսդրությունը նայենք՝ դրամաշնորհների վրա առանձնապես հարկային փոփոխությունները չեն անդրադարձել: Ինչ վերաբերում է ոչ ռեզիդենտների հարկմանը՝ ապա առաջարկում ենք ազգային ռեժիմ եւ հավասար պայմաններ ներքին եւ արտաքին արտադրողների համար: Սակայն շատ երկրների հետ կան երկակի հարկման համաձայնագրեր, ու այդ հարցերը դուրս են գալիս»,- ասաց Կ. Մինասյանը:

Նրա խոսքով՝  արտոնյալ հարկային ռեժիմ է ստեղծվել նորաստեղծ ձեռնարկությունների համար՝ սկզբնական փուլում հաշվետվություն ներկայացնելու, հաշվապահ պահելու խնդիր չունեն: «Միայն եկամտային հարկ են վճարելու, մինչեւ սկսեն վաճառքներ անել ու շրջանառության հարկ վճարել: Շատ պարզ հաշվետվություններ են ներկայացնելու եռամսյակը մեկ»,- նշեց էկոնոմիկայի փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ