News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքը նետված 15-ամյա Գ. Ա.-ի առողջական վիճակն այժմ լավ է, նա դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց նրա մայրը` Արաքսյան:

Նա պատմեց, որ մի քանի օր առաջ աղջկան դուրս էին գրել հիվանդանոցից, թեեւ վերջինս դեռ ջերմություն ուներ: Հիվանդանոցից դուրս գրելուց հետո աղջիկը կոմայի մեջ էր ընկել: «Կոմայի մեջ էր ընկել երեխես, բերել եմ տուն, մի երկու ժամ տունը պահելուց հետո տարա նորից հիվանդանոց: Դուրս գրման օրը ես իրենց ասացի` երեխեն ջերմություն ունի, ասացին` երեւի մոտը գրիպոզ վիճակ է, թեյ տվեք: Երեւի ջերմությունը բարձրացել էր, ահավոր ցնցվում էր, ու պատկերացրեք, որ ես գոռում էի, երեխեն ոչ մի բան չէր զգում, սրսկում էին, բայց էլի ոչ մի բան չէր զգում»,- պատմեց մայրը:

Կոմայի մեջ հայտնվելուց եւ նորից հիվանդանոց տեղափոխվելուց հետո աղջիկը եւս երկու օր մնացել է Վերակենդանացման բաժանմունքում եւ դուրս գրվել: Այժմ Գ. Ա.-ն գտնվում է տանը` մոր հսկողությամբ: Այս շաբաթ տեղամասի բժիշկը հոգեբան կուղարկի, որպեսզի զրուցեն նրա հետ: Մայրը նշեց, որ ինքն աշխատում է դեպքի մասին չխոսել, չհիշեցնել նրան եւ ամենօրյա հսկողությամբ պահել: Որոշ ժամանակ աղջիկը դպրոց չի գնա, քանի որ հնարավոր է այժմ ավելի վատ քայլի դիմի: «Ինքը ահավոր ցնցվում եւ վախենում է դպրոցից, ասում է, ես որ մտնեմ, չեմ կարողանա: Թե չէ որ գնաց էնտեղ, կողքից մեկը մի բան է ասելու, երեխեն էլի ազդվի եւ էս անգամ ավելի վատ բան լինի»,- պատմեց Արաքսյան:

Մինչեւ մայիսյան քննությունները աղջիկը կմնա տունը, իսկ դրանից հետո մայրը պատրաստվում է հանել նրան 9-րդ դասարանից: Մայրը նորից շեշտեց, որ իր դուստրը նախկինում երբեւէ նման քայլի չի դիմել, իսկ այդ քայլի դիմելու պատճառը դասընկերների վատ խոսքերն են եղել, «վատ բաներ էին ասել, երեխեն ազդվել էր, տղաներ էին եղել, որ խնդացել էին հետեւից»: Նա նորից հերքեց երեխայի սիրահարվածության մասին լուրերը` հավելելով, որ հեռախոսը քննիչների մոտ է, ամեն ինչ քննվում է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 34-110 հոդվածի հատկանիշներով (ինքնապանության հասցնելու փորձ): Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ  ապրիլի 16-ին, ժամը 13.47-ին տեղեկատվություն  ստացվել, որ Երեւանի Նորագյուղ թաղամասում՝ «Թաիրով» կոչվող ջրանցքից Երեւանի ճանապարհային ոստիկանության առաջին գումարտակի հրամանատարը եւ անձը չպարզված քաղաքացին ջրանցքից դուրս են բերել 15-ամյա Գ. Ա.-ին, ում «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են Երեւանի «Սրբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Աղջկան ջրանցքից դուրս է բերել ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը:

15-ամյա Գ.Ա.-ն սովորում է Երեւանի թիվ 13 երաժշտական գիշերօթիկ դպրոցի 9-րդ դասարանում, քանոնի բաժնում: Գիշերօթիկ դպրոցի տնօրեն Սամվել Երանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմել էր, որ աղջկա այդ քայլին դիմելու պատճառը սիրահարվածությունն է: Շրջանառվող խոսակցությունների համաձայն`  երիտասարդը, ում սիրահարվել է աղջիկը, այդ դպրոցի սաներից չէ: Հայտնաբերվել է աղջկա օրագիրը, որում կատարված գրառումներից, տնօրենի խոսքով, կարելի է եզրակացնել, որ աղջկա սերն անպատասխան է:  Նա այնտեղ մենախոսության նման մի բան է գրել, որ «դու ուրիշինն ես, բայց միեւնույն է, ես եմ քեզ ամենից շատը սիրում» եւ այլն: «Սիրահարված է եղել, բայց դա չի եղել դպրոցի ներսում»,- ասել էր տնօրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ