News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ապրիլի 21-ին` Կարմիր կիրակիին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի Մայր տաճարում մատուցվել է սուրբ Պատարագ, որի ընթացքում կատարվել է քահանայական ձեռնադրություն: Մայր աթոռի հոգեւոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ Տ. Գեւորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն եւ օծում են ստացել Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տասը միաբան սարկավագներ:

Այնուհետեւ ձեռնադրող Սրբազան Հայրն ասել է. «Այս պահը ողջ Եկեղեցու համար հավատքի վերահաստատման սրբազան առիթ է, առաքելական սպասավորության վերանորոգության ներշնչման աղբյուր, հոգեւոր կյանքի նոր հորիզոնների բացահայտման հրավեր»: Խոսքն ուղղելով քահանաներին` ձեռնադրող Սրբազանը պատգամել է. «Մարդկանցից ոչինչ չակնկալեք ձեր առաքելության ընթացքում, Աստծուն դարձրեք ձեզ ապավեն, հիշեք, որ դուք առաքված եք բառիս ամենալայն իմաստով եւ ամենակարեւորը` Աստծու կողմից: Այս գիտակցության մեջ է թաքնված ձեր հավատի ուժը, այս ոգու առջեւ փլուզվում են բոլոր տեսակի պատնեշները, բացվում փակ դռները, այս ներշնչմամբ էր սուրբ Պողոսը հպարտորեն հայտարարում` «Եթե Աստված մեզ հետ է, ով կարող է մեզ դեմ լինել»»:

Այնուհետեւ Մայր Աթոռի միաբաններն առաջնորդությամբ Գարեգին Բ—ի, բարձրացել են Ս. Խորան` շնորհավորելու քահանաներին եւ համբուրելու նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը:

Նույն օրը` երեկոյան, կատարվել է նաեւ վեղարի տվչության արարողությունը: Տ. Տիրայր, Տ. Աղան եւ Տ. Դերենիկ քահանաները վեղար են ստացել` համալրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության եւ աղոթական շրջանից հետո նորընծաները ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում եւ թեմերում:

Տպել
Ամենաշատ