News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երեւանում մեկնարկած «Հայերենն իմ սրտում է» համահայկական երիտասարդական համաժողովի բացմանը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից:

ՀՀ կառավարության անունից ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք կարեւորում ենք համահայկական բոլոր  միջոցառումները եւ դա է պատճառը, որ հինգ տարի առաջ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ առաջին անգամ ձեւավորվեց սփյուռքի նախարարություն, որի նպատակն է համախմբել ողջ հայությանը, աշխարհով մեկ սփռված հայերին: Ժամանակակից աշխարհում յուրաքանչյուր շաբաթ մահանում  է մեկ կենդանի լեզու, այսինքն՝ այդ լեզվի կրողները, այդ տեսակը վերանում է երկրագնդի վրայից:  21-րդ դարում էապես ուժգնանում է մրցակցությունը, այդ թվում ազգերի միջեւ եւ հասկանալի է, որ ինքնության պահպանության առանցքը, կարեւորագույն երաշխիքը մայրենի լեզուն է: Մեր լեզուն է, որ մեզ միավորելու է եւ դարձնելու մեկ միասնական բռունցք, որը եւ հնարավորություն  է տալու լուծել բազմաթիվ մարտահրավերներ, որոնցով լի է ժամանակակից աշխարհը»:

Վարչապետի խոսքով՝ ժամանակակից աշխարհը թեւակոխել է մի փուլ, որին բնորոշ  են արագ փոփոխությունները եւ մեր երիտասարդները պետք է ունակ լինեն չկորցնել մեր ինքնությունը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ ինքնության պահպանման շարժիչ ուժը մեր պետությունն է եւ այդ տեսակետից, վերջին 20 տարիների ընթացքում մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ, մարտահրավերներ, վտանգներ, որով լի է եւ աշխարհը, եւ տարածաշրջանը: «Մենք մեր պետության ներսում ձեւավորում ենք այնպիսի հիմքեր, որոնք երաշխավորելու են հայ երիտասարդի ձգտումը՝  պահպանել իր ազգի արժեքները եւ ապահովել նրա հարատեւությունը: Այդ տեսակետից, այսօր գոյատեւման կարեւոր պայքար է մղվում Լեռնային Ղարաբաղում: Արցախի խնդիրը մեր ազգի ապագայի խնդիրն է: Արցախի խնդրի ընկալումը երիտասարդության կողմից բնորոշում է այն, թե ինչպիսի ապագա ենք մենք ունենալու, քանի որ մենք համախմբված, միասնական ձեւով միայն կարող ենք հասնել Արցախի խնդրի արդարացի լուծման»,- ընգծել է գործադիրի ղեկավարը:

Տիգրան Սարգսյանի համոզմամբ՝ տարածաշրջանում ունենալով հզոր բանակ՝ առաջին անգամ մեր ժողովուրդը հնարավորություն ունի երաշխավորել մեր ազգի անվտանգությունն իր սեփական ռազմական ուժերով, ինչն էլ մեր անվտանգության ապահովման ամենահուսալի երաշխիքն է:

«Ժամանակակից աշխարհը գիտելիքի աշխարհ է եւ այստեղ է, որ հայ ժողովուրդն ունի հարաբերական առավելություն: Եկել է ժամանակը, որ մեր երիտասարդներն ամբողջ աշխարհին ցույց տան, որ ազգերի մրցակցության մեջ մենք կանք եւ լինելու ենք, եւ այդ բնագավառում մենք ունենք տաղանդաշատ երիտասարդներ: 21–րդ դարում մրցակցությունը տեղափոխվել է ինտելեկտուալ, գիտելիքի դաշտ եւ դա նշանակում է, որ պետության թիվ մեկ խնդիրն այնպիսի կրթական համակարգի ձեւավորումն է, որը ձեզ հնարավորություն է տալու ստանալ ժամանակակից, մրցունակ գիտելիք»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարեւորել է ՀՀ նախագահի նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամի աշխատանքները, որը ֆինանսավորում է աշխարհի լավագույն 10 բուհեր ընդունվող յուրաքանչյուր հայի ուսումը:

Տիգրան Սարգսյանը սփյուռքահայ երիտասարդներին հիշեցրել է, որ մեր ուժը մեր միասնության մեջ է եւ համոզմունք հայտնել, որ նրանք խորացնելով մայրենի լեզվի իմացությունը՝ կկարողանան այս կարեւոր գաղափարը հաղորդել ապագա սերունդներին:

Ապրիլի 22-24-ն անցկացվող համահայկական այս համաժողովին մասնակցում են  500 երիտասարդներ աշխարհի 30 երկրներից: Քննարկումների միջոցով կբարձրաձայնվեն համազգային կարեւորության խնդիրներ եւ կառաջադրվեն նոր լուծումներ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, արցախյան հիմնահարցի խաղաղ կարգավորման, լեզվի եւ մշակույթի, հայապահպանության ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ