News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստ է, որ Հայաստանի ծանր վիճակի գլխավոր պատճառը քաղաքական մենաշնորհն է: Իշխանություններից բացի՝ բոլորն են խոսում դրա մասին: Կարելի է ասել, որ այդ մենաշնորհի վերացումը եւ քաղաքական դաշտում իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշիռների ստեղծումը դարձել է ոչ իշխանական ուժերի հնարավոր համագործակցության գլխավոր գրավականը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին ԱԳ նախարար, Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ընտրացուցակի առաջին համարը զբաղեցնող Վարդան Օսկանյանը:

«Երեւան քաղաքի իշխանությունը վերցնելու միջոցով՝ մենք առաջին կարեւոր քայլը արած կլինենք քաղաքական համակարգում այդ հակակշիռների մեխանիզմի ստեղծման ճանապարհին, առանց որի պարզապես անհնար է երկրում ժողովրդավարություն հաստատել եւ տնտեսական զարգացում ապահովել:

Իմ ֆեյսբուքյան գրառումներից մեկում ես մի անգամ անդրադարձել էի կառավարման ձեւերի շուրջ առկա տարբեր փիլիսոփայական մոտեցումներին: Կուզենայի այդ միտքը կրկին մեջբերել. «Հայաստանում այսօր առկա կառավարման համակարգը, անկախ մեր կամքից, այնպիսի դրսեւորում է ստացել, որ ամբողջությամբ տեղավորվում է կառավարման հոբսյան մոդելի մեջ: Թոմաս Հոբսը իր «Լեվիաթան» (1651թ.) աշխատությունում գովերգում է միահեծան եւ ուժեղ կառավարչի անհրաժեշտությունը: «Քանի որ մարդիկ գործում են միայն իրենց սեփական շահերից ելնելով,- ասում է նա,- ուստի որքան էլ կառավարիչը դաժան եւ անարդար լինի, քաղաքացիները պարտավոր են հնազանդ լինել իշխանությանը, այլապես կլինի քաոս»,- գրել է նա:

Ըստ Օսկանյանի, Հայաստանում այսօր մեր խնդիրն է անցնել նույն ժամանակարջանի անգլիացի մեկ այլ մտածող Ջոն Լոկի առաջ քաշած կառավարման մոդելին: «Լոկը համարում էր, որ մարդկանց խառնվածքը եւ բնավորությունը ձեւավորվում են նրանց փորձառությամբ: Ըստ նրա՝ մարդիկ ծնվում են ազատ եւ հավասար երեք անօտարելի բնական իրավունքներով՝ կյանքի, ազատության եւ սեփականության: Իշխանության գոյության եւ գործունեության իմաստը եւ նպատակն այն է, որ նա պաշտպանի քաղաքացիների այդ իրավունքները, եւ ձախողելու դեպքում քաղաքացիներն իրավունք ունեն իշխանությունը փոխել: Լոկի այս գաղափարներն այսօր դրված են աշխարհի բոլոր ժողովրդավարական սահմանադրությունների հիմքում: Նույնը կարելի է ասել Հայաստանի մասին՝ մի տարբերությամբ, որ դրանք մնում են թղթի վրա»:

Ահավասիկ, կառավարման համակարգում այսպիսի կիրառական ոստյուն կատարելու համար անհրաժեշտ է, որ մենք կարողանանք նորովի սահմանել եւ արժեւորել ընդիմության տեղն ու դերը ժողովրդավարության ձգտող Հայաստանի նման երկրի համար: Արդյունավետ քաղաքական հակակշիռներ ունենալու համար անհրաժեշտ է, որ ընդդիմությունը ուժեղ լինի, ունենա այլընտրանքային հստակ գաղափարական հենք, ծրագիր, անընդհատ ձգտի իշխանության, բայց միաժամանակ պատրաստ լինի հետապնդելու ազգային շահերը եւ երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար երկխոսության մեջ մտնելու քաղաքական հակառակորդների հետ»,- նկատել է Վարդան Օսկանյանը:

Նա նշել է, թե արդյունավետ ընդդիմություն կարելի է ունենալ միայն այն պայմաններում, երբ քաղաքական ուժը կամ ուժերը ամբողջությամբ չեն փակում իշխանության հետ երկխոսության մեջ լինելու բոլոր դռները, ոչ էլ իրենց ամեն մի ընդդիմադիր թվացող քայլ կուլիսներում համաձայնեցնում են իշխանության հետ:

«Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները եւ հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը եւ իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն:

Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը եւ վերջիվերջո՝ քաղաքացին»,- ամփոփել է Օսկանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ