News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փարիզում գործող «Հայկական վերածնունդ շարժում» կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ աջակցում է Հայաստանում գործող քաղաքացիական շարժումներին:

Հայտարարությունում, մասնավրապես, ասվում է.

«Վերջերս հիմնված «Հայկական վերածնունդ շարժումը», ներշնչված Հայաստանի քաղաքացիական շարժումներից, ընդլայնում է իր համահայկական բնույթը, աշխուժորեն գործելով Ֆրանսիայի, ինչպես նաեւ Լիբանանից, Հյուսիսային Ամերիկայից եւ Եվրոպայից Ռուսաստան տարածված իր մասնաճյուղերով, նեցուկ կանգնելով հայկական այս զարթոնքին:

Ապրիլ 24-ին էլ «Հայկական վերածնունդը» կմասնակցի հայ ժողովուրդի պայքարին ի խնդիր Հայոց ցեղասպանության միջազգային դատապարտման եւ թուրք պետության կողմից մեր ժողովրդին վնասի հատուցման ի նպաստ մղվող պայքարին: Միաժամանակ այն չի անտեսում սփյուռքին հուզող հրատապ այլ հարցերը, ինչպես Սիրիայի հայության դաժան կացությունը:

Հայաստանի ներսում «Հայկական վերածնունդ շարժումն» աջակցում է քաղաքացիական շարժումներին ու մերժում կեղծված ընտրությունների միջոցով իրեն վերարտադրող օլիգարխիկ նեխած համակարգը, որը չի վարանում անարդար, ապօրինի ու բիրտ միջոցներով խեղդել եւ հուսալքել մեր ժողովուրդը:

1915-ին Թուրքիայի կողմից 1.5 միլիոն հայերի ջարդերից հետո անընդունելի է, որ մեր ժողովուրդը ենթարկվի իր իսկ իշխանությունների կողմից ճնշումների, անարդարությունների, աղքատացման եւ հուսալքման, որի արդյունքում տեղի է ունենում զանգվածային եւ աննախընթաց արտագաղթը, որն սպառնում է հայ ժողովրդի գոյատեւմանը:

Սակայն մենք պատճառ ունենք հպարտանալու, որ հակառակ օլիգարխա-մաֆիական իշխանությունների բռնություններին, մեր ժողովուրդը համարձակվում է ոտքի կանգնել եւ օրենքի ու սահմանադրության ծիրում խաղաղորեն ու քաջաբար պայքարել հանուն արդար, ծաղկուն, մարդու իրավունքներն ու արժանապատվությունն ապահովող պէտության կերտման:

«Հայկական վերածնունդ շարժումը» խստորեն դատապարտում է նեխած իշխանությունների կողմից մեր ժողովրդի ազնիվ զավակների դեմ գործադրված հալածանքներն ու ծեծերը եւ զգուշացնում նրանց հեղինակները նոր գրգռությունների դէմ:

Կեցցե հայ ժողովրդի արդար պայքարը

Կեցցե հայ ժողովրդի դիմադրականությունը եւ իր Վերածնունդը

Փարիզ 22 ապրիլ 2013»:

 

Տպել
Ամենաշատ