News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հարցազրույց է ներկայացնում Հունգարիայի հայ ազգային ինքնավարության կազմակերպության փոխնախագահ Նիկողոս Հակոբյանի հետ.

Ինչքա՞ն հայ է բնակվում Հունգարիայում:

Հունգարիայում 2011 թ. անցկացված մարդահամարի տվյալներով 3572 հայ է ապրում, ովքեր ազգության դիմաց «հայ» են նշել:  Մեր տվյալներով` կան մոտ 1000 հայեր, ովքեր չեն նշել իրենց ազգությունը: Բացի այդ, Հունգարիայում ապրում է մի քանի  հազար էթնիկ հայ, ովքեր պարզապես չեն հայտարարում իրենց ազգային պատկանելության մասին: 3572  հայերից մոտ 1400-ն ապրում են Բուդապեշտում: Երկրում չկա քաղաք կամ գյուղ, որտեղ հայեր չապրեն:  Հունգարիայի հայ համայնքը մասնակիորեն կազմված է Տրանսիլվանիայի հայերից, ովքեր փրկվել են ցեղասպանությունից: Հայերի մի մասը Հայաստանից է եկել մինչեւ անկախությունը եւ անկախությունից հետո: Հունգարիայի հայ համայնքն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հայեր են եկել Կիպրոսից, Մեծ Բրիտանիայից եւ Քուվեյթից: Հունգարիայում ազգային փոքրամասնությունները,  ովքեր երկրում բնակվում են 100 տարի,  խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրավունք  ունեն ինքնավարություն ստեղծել: Այն քաղաքներում, որտեղ կոմպակտ բնակվում է 30 կամ ավելի այս կամ ազգության ներկայացուցիչ,  նրանք ինքավարություն ստեղծելու իրավունք ունեն: Հունգարիայի հայ համայնքն ունի 32 ինքնավարություն եւ եւս մեկը` մայրաքաղաքում: Այդ 32 ինքնավարությունից ընտրվում է 21 մարդ, որոնք էլ ներկայացնում են Հունգարիայի հայ համայնքը: Պետությունը որոշակի ոչ մեծ ֆինանսավորում է հատկացնում համայնքին:

Հունգարիայի հասարակական –քաղաքական կյանքում ինչպիսի՞ն է հայ համայնքի ներկայացվածությունը:

Հայերը ներկայացված են բոլոր ոլորտներում. նրանք հայտնի արվեստի գործիչներ,  բժիշկներ, երաժիշտներ , գործարարներ են: Մի խոսքով, կարելի է ասել, որ հայ համայնքը ֆինանսի կարիք չունի եւ ոչ փոքր դեր է կատարում երկրի տնտեսական եւ հասարակական կյանքում:  Հայ համայնքը Բուդապեշտի կենտրոնում հայկական մշակութային կենտրոն ունի, կիրակնօրյա դպրոց, կիրակնօրյա մանկապարտեզ, որտեղ հայկական ավանդական տոներն են նշվում: Հունգարիայում հրատարկվում է նաեւ «Հայաատան» ամսագիրը հայերենով, հունգարերեն է հրատարակվում «Սփյուռք 21» ամսագիրը, կա նաեւ  եռալեզու տեղեկատվական կայք ` armenians.hu-ն: Հունգարիայում ժամանակին հայ կաթոլիկ  եկեղեցի է եղել, որտեղ պատարագ են մատուցել մխիթարյանական հոգեւորականները, սակայն արդեն վեց տարի է, ինչ Հունգարիայի կարդինելը վերցրել է այն: Հիմա այնտեղ հունգարերեն է պատարագ մատուցվում, եւ անգամ ամիսը մեկ հայերենով պատարագ անցկացնելու  մեր խնդրանքը մերժվել է: Եկեղեցին, ի դեպ, կառուցվել է հայ համայնքի միջոցներով:

Ինչպե՞ս եւ ինչո՞վ Հունգարիայի հայ համայնքը նպաստեց Ռամիլ Սաֆարովի դատապարտմանը:

Չնայած որ Հունգարիայի հայ համայնքը փոքրաթիվ է, սակայն հաշվի առնելով, որ համայնքը հանդիսանում է պետական կազմակերպություն, դա  նպաստում է Հունգարիայի կառավարության հետ կապերի հաստատմանը: Հաճախ թերագնահատում են մեզ եւ մեր հնարավորությունները, որոնք այնքան նվազ չեն, ինչպես կարող են թվալ առաջին հայացքից:  Շատերը չգիտեն, թե Սաֆարովի գործով, սկսած 2004թ-ից, որքան  ջանքեր են ներդրվել հայ համայնքի կողմից: Հունգարիայի հայ համայնքը Սաֆարովի գործով արել է հնարավորը Սաֆարովի գործով, իսկ 2012թ. ամռանը, եթե անգամ թուլություն է ցուցաբերվել, ապա միայն Հայաստանի դիվանագիտության կողմից:

Ինչպիսի՞ միջոցառումներ է նախատեսում հայ համայնքը Հայոց ցեղասպանության տարելիցի նախաշեմին:

Հունգարիայի հայ համայնքն ամեն տարի միջոցառումներ է անցկացնում` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս տարի մենք մտադիր ենք առանձնահատուկ ակտիվորեն նշել ողբերգական տարելիցը: Հայաստանից Հունգարիա խաչքար է  բերվել, որն ապրիլի 20 –ին տեղադրվել է Սեգետ քաղաքում, հունգարական երրորդ խոշոր քաղաքում: Ուշագրավ է,  որ հուշարձանը տեղադրվել է  քաղաքի եպիսկոպոսի խնդրանքով: Ապրիլի 24-ին սգո միջոցառումներ կանցկացվեն Հունգարիայի 15 քաղաքներում: Աստվածաբանության համալսարանի ռեկտորի նախաձեռնությամբ բուհի պատին փակցվել է Հայոց ցեղասպանության եւ Սումգայիթի ջարդերին նվիրված հուշատախտակ: Արդեն եռալեզու` հայերեն, հունգարերն եւ անգլերեն, տեսահոլովակ է պատրաստվել Հայոց ցեղասպանության մասին:  Ռեփ ոճի երաժշտական ստեղծագործությունը կատարում է 50 մարդ, այդ թվում` օտար ազգերի ներկայացուցիչներ: Մենք հուսով ենք տարածել այդ տեսահոլովակը ողջ աշխարհում` Հայոց  ցեղասպանության 100-ամյա տարելիցին:

Սաֆարովի արտահանձնումից հետո Հայաստանը սառեցրեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Դա ինչպե՞ս անդրադարձավ Հունգարիայի հայ համայնքի վրա:

Եթե ինչ-որ մեկը դրանից տուժեց, ապա դա, առաջին հերթին, Հունգարիայի հայ համայնքն է, եւ ոչ միայն տնտեսական կապերի կորստի պատճառով, այլեւ առօրյա կյանքում: Սակայն ես հույս ունեմ, որ հայկական դիվանագիտությունը ճկունություն կդրսեւորի այդ առումով  եւ այնպիսի որոշում կկայացնի, որը կլինի ոչ միայն ի նպաստ Հայաստանի, այլեւ Հունգարիայի հայ համայնքի:

Զրուցեց Մարիա Ասատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ