News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան վերջին գրառումից հետո իմ հեռախոսը չի լռում, ինչը, թերեւս, հասկանալի է:  Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառմանը, որտեղ վերջինս կարծիք է հայտնում, որ ԲՀԿ-ն պետք է հայտարարի ընդդիմադիր լինելու եւ իր դիրքորոշման խստացման մասին:

«Մյուս կողմից որեւէ արտառոց բան տեղի չի ունեցել եւ որեւէ արտառոց բան չի ասվել: Ես տարբեր առիթներով բազմիցս ասել եմ, որ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որը որոշում է քաղաքական ուժի ընդդիմադիր լինել կամ չլինելը՝ խիստ արհեստական եզրույթ է: Քաղաքական ուժի իշխանություն լինել կամ չլինելը որոշում է օբյեկտիվ իրականությունը: ԲՀԿ-ն մաս չէ իշխանական կոալիցիայի եւ դրանով ամեն ինչ ասված է: Ի վերջո, ընդդիմություն լինել-չլինելը չի որոշվում ԵԽ հանձնարարականներով, կամ ԱԺ կանոնակարգի արհեստածին դրույթով. այլ որոշվում է քաղաքական ուժի գործունեությամբ եւ նրա ներկայացրած ու իրագործվող քաղաքական օրակարգով:  Կա նաեւ հարցի մեկ այլ կողմը` Հայաստանում վերջին տարիներին քաղաքական դաշտն այնքան է լղոզվել ու նաեւ, չխուսափենք ձեւակերպումից` վարկաբեկվել, «ընդդիմություն»  հասկացությունը այնքան անորոշ եւ երկիմաստ է դարձել, որ այդ հասկացությունը եւս հստակեցման լուրջ փուլեր պիտի անցնի: Ի վերջո, մեր բոլորի աչքի առաջ  բազմաթիվ «ընդդիմադիր» ականներ եւ  հաճախորդներ բացահայտվեցին, եւ այդ պրոցեսը շարունակվում է: Ամփոփելով նշեմ, որ ԲՀԿ-ն բաց է իր ներսում  ցանկացած հարց, այդ թվում` Օսկանյանի առաջադրած թեզը քննարկելու եւ կարծիքներ փոխանակելու համար»,-ասված է Զոհրաբյանի հայտարարության մեջ:

Ավելի վաղ Վարդան Օսկանյանը իր Facebook-յան գրառման մեջ գրել էր, թե արդյունավետ ընդդիմություն կարելի է ունենալ միայն այն պայմաններում, երբ քաղաքական ուժը կամ ուժերը ամբողջությամբ չեն փակում իշխանության հետ երկխոսության մեջ լինելու բոլոր դռները, ոչ էլ իրենց ամեն մի ընդդիմադիր թվացող քայլ կուլիսներում համաձայնեցնում են իշխանության հետ: «Այսօր, հաշվի առնելով երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը եւ առաջիկա տարիներին սպասվող ներքաղաքական հնարավոր զարգացումները եւ հատկապես այն, որ ԲՀԿ-ն առանց ինքն իրեն ընդդիմադիր հռչակելու՝ այդպիսի դերակատարում է ստանձնել, ես կարծում եմ (սա իմ անձնական տեսակետն է), որ «Բարգավաճ Հայաստանը» խորհրդարանի սեպտեմբերյան նստաշրջանի սկզբում պետք է փոխի իր քաղաքական կարգավիճակը եւ իրեն հռչակի ընդդիմադիր կուսակցություն: Համոզված եմ, որ դրանից կշահի երկիրը, քաղաքական համակարգը եւ վերջիվերջո՝ քաղաքացին»,- ամփոփել էր Վարդան Օսկանյանը:

Տպել
Ամենաշատ