ՈւրբաթՀոկտեմբեր 31
  • USD 411.26
  • EUR 517.12
  • RUB 9.78

Հրաչ Մուրադյանի հարազատները վստահ են, որ նրան սպանել են իր գործունեության համար

00:31, 26.04.2013 Տարածաշրջան: Հայաստան Թեմա: Պատահարներ

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եղբորորդին` Հակոբ Մուրադյանը, չի հավատում, որ հորեղբորն սպանել են Պետրոսյան եղբայրները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Հակոբ Մուրադյանը:

Նա նշեց, որ Պետրոսյաների ընտանիքի հետ իրենք նորմալ հարաբերություններ են ունեցել: «Ես չեմ պատկերացնում, որ էդ տղեն կարող էր նման բան անել (նկատի ունի գործով ձերբակալված Արայիկ Պետրոսյանին-խմբ)»,- ասաց Հակոբ Մուրադյանը:

Նա վստահ է, որ հորեղբորն սպանել են իր քաղաքական գործունեության համար, այլապես նա որեւէ մեկի հետ անձնական խնդիր չի ունեցել: Իսկ թե ում էր ձեռնտու նրա սպանությունը, Հրաչ Մուրադյանի եղբորորդին նշեց, որ չի կարող ասել, այնքան շատ մարդու անուն են տալիս, որ հարազատների համար արդեն ամեն մեկը կասկածյալ է դառնում: Նրանք սպասում են քննության ավարտին`  հուսով, որ սպանությունը կբացահայտվի:

Նա նաեւ հավելեց, որ չի լսել, որ միջադեպի նախօրեին հորեղբոր հասցեին սպառնալիքներ հնչեն կամ ինչ-որ տարօրինակ բաներ կատարվեն:

Ի դեպ, չի բացառվում, որ Պռոշյան համայնքում տեղի ունենալիք  ՏԻՄ ընտրություններին իր թեկնածությունը առաջադրի Հակոբ Մուրադյանը: Վերջինս ասաց, որ դեռ վերջնական որոշում չկա, ինչպես կորոշի ընտանիքը, այդպես էլ կվարվեն:  «Եթե ես էլ գյուղապետ չլինեմ, էն մարդը պիտի լինի, ով որ Հրաչի գործը շարունակի: Ընտանիքը կորոշի, ում ասի, նշանակում է ինքը Հրաչի գործը կշարունակի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի առավոտյան 9.00-ի սահմաններում Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Դեպքի առթիվ  հարուցվել է քրեական գործ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (սպանություն`անձի կամ նրա մերձավորի` կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ)  եւ 235-րդ հոդվածի 1-ի մասի (ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով: Տարածքում պարկուճներ չեն հայտնաբերվել:

Ձերբակալվել են նույն գյուղի բնակիչներ Արայիկ եւ Արտակ Պետրոսյանները: Որպես հիմնական կասկածյալ, լրատվամիջոցներում շրջանառվում է նաեւ գյուղապետի մրցակից Արթուր Մուրադյանի անունը:

Ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանը կալանավորվել էր, իսկ քրեական գործով վարույթ իրականացնող մարմնի որոշման հիման վրա Արտակ Պետրոսյանն ազատվել էր արգելանքից: Գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից՝ առջեւի աջ կողմի մեջտեղի հենակի ներսի կողմից, առջեւի ձախ դռան շրջանակից եւ պաստառի ներսի կողմից, համեմատական հետազոտության նպատակով խծուծների վրա վերցված նմուշներում դատաքիմիական փորձաքննությամբ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր:

Արգելանքից ազատվելուց օրեր անց Արտակ Պետորսյանը ձերբակալվել, ապա` կալանավորվել էր խուլիգանության մեղադրանքով: Դա կապված է սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի եւ նրա ՀՀԿ-ական մրցակից Արթուր Մուրադյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետ, այդ ժամանակ նա դեպքի վայրում է եղել: Փաստի առթիվ նյութեր էին ստեղծվել եւ 2012թ հոկտեմբերի 5-ին, այդ նյութերով որոշում է կայացվել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հատկանիշներով մերժել քրեական գործի հարուցումը: Ըստ այդ հոդվածի` քրեական գործ չի կարող հարուցվել եւ քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե բացակայում է հանցագործության դեպքը: Այժմ վերացրել են քրեական գործ չհարուցելու մասին մերժումը եւ քրեական գործ են հարուցել ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այս գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ ձերբակալված մյուս երիտասարդը` Արտյոմը:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

Այս թեմայով

Շղթայական ավտովթար Սեբասիտա փողոցում. Կան վիրավորներ

Այդ ընթացքում վթարված «Օպել»-ին է բախվել «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան: Վերջինիս վարորդն ու ուղեւորը նույնպես վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...

7-ամյա տղային վրաերթի ենթարկած ավտոմեքենայի վարորդը հայտնաբերվել է

«Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայով Արաքսավան գյուղին կից զորամաս տանող ճանապարհին...

Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են «Դեու Նեքսիա»-ն ու BMW-ն. կան վիրավորներ

Վթարի հետեւանքով Վաչե Գ.-ն եւ «ԲՎՄ»-ի մեջ գտնվող Մանուկ Գ.-ն եւ Տիգրան Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...

Պատահար Երեւանի Սասնա-Ծռեր փողոցում. Երեք մարդ հիվանդանոցում է

Վթարի հետեւանքով վարորդներն ու երկրորդ «Մերսեդես-Բենց»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց...

Ավտովթար Հերացի փողոցում . 25-ամյա Կարենը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Պատահարի հետեւանքով Գ. Աղեկյանը եւ նրա ուղեւորներ` 27-ամյա Գագիկ Փութոյանը եւ 25-ամյա Կարեն Աղեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մ. Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց...

73-ամյա ծերունին դուրս է եկել հատապտուղ հավաքելու եւ չի վերադարձել

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել Տաշիրի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը եւ ոստիկանության աշխատակիցներ...

Partner news