News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ծառայությունն այսօր կհրապարակվի այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստան ժամանումների եւ երկրից մեկնումների տվյալները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

Նա նշեց, որ այն, ինչ հրապարկել է Ազգային վիճակագրական ծառայությունը, նույն տվյալները իրենց մոտ կլինեն, պարզապես ավելի մանրամասն եւ վերլուծության ենթարկված: Իսկ թե ինչու են տվյալներն այդքան ուշ հրապարակվում, Գագիկ Եգանյանը  պարզաբանեց, որ համակարգի փոփոխության, ծրագրային խնդիր էր:

Ինչ վերաբերում է դրանք դիտավորյալ ուշացնելուն, քանի որ տվյալները սարսափելի պատկեր են ցույց տալիս, ծառայության ղեկավարն ասաց, որ նա, ով նման բաներ է տարածում, ստեղծագործական միտք ունի, ֆանտաստիկայի ժանրից բաներ է ասում:

Գագիկ Եգանյանի խոսքով` միգրացիան մտահոգիչ է, բայց չենք կարող ասել, որ նախորդ տարիների համեմատ կտրուկ փոփոխություններ կան: Նրա խոսքով` այժմ տարեկան  25-30 հազար մարդ է լքում Հայաստանը, բայց հստակ տվյալները պարզ կդառնան աշնանը: «Միգրացիայի կտրուկ աճ չկա, կա կայուն, որոշակի մակարդակի արտագաղթ, արտագաղթ միշտ եղել է եւ կլինի»,- ասաց նա: Գագիկ Եգանյանի խոսքով` ամենամեծ արտագաղթը 1992-94 թթ է եղել, երբ 2 տարվա ընթացքում կորցրեցինք բնակչության 600 հազարի հասնող զանգված:

Ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ Կառավարությունը այնքան է կարեւորել այդ խնդիրը, որ պետական բյուջեից 13 միլիոն դրամ է հատկացրել միգրացիայի տվյալները ուսումնասիրելու համար:

Անդրադառնալով ՀԱԿ պատգամավորների` ահագնացող արտագաղթի վերաբերյալ հայտարարություններին`  նա նշեց, որ դրանք ուղեւորահոսքեր են, պետք է տարբերել ուղեւորը միգրանտից, եթե ամեն մի միգրանտ ուղեւոր է, ապա ամեն ուղեւոր չէ, որ միգրանտ է: «Միշտ ասել ենք, որ հեղափոխական, ցնցող փոփոխություններ միգրացիայի իրավիճակում մեր տվյալները չեն արտացոլում»,- ասաց նա` շեշտելով,որ մի սահմանակետի վիճակով չի կարելի ամբողջ ուղեւորահոսքի մասին կարծիք կազմել ամբողջ հանրապետության մասշտաբով:

Նշենք, որ վերջերս հայ-վրացական սահմանակետ են այցելել ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը: Վերադարձից  հետո նրանք իրենց մտահոգություն են հայտնել եւ խոսել ահագնացող արտագաղթի մասին: Արամ Մանուկյանը ասել է, որ օրական 300-400 հայ է անցնում Բագրատաշենի անցակետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ