Հայաստանում սկսել է գործել սոցիալական ինտերնետ-ցանց՝ վարորդների եւ փոխադրամիջոցների սեփականատերերի համար` www.4car.am: Այս նախագիծն իրականացնում է «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ընկերությունը` «Մայքրոսոֆթ Հայաստան ինովացիոն կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ, համագործակցելով ՀՀ Ոստիկանության հետ, ՀՀ կառավարության աջակցությամբ:
Տվյալ նախագծի նպատակն է օգնել մեր վարորդներին արագ, վիրտուալ միասնական տարածքում ստանալ իրենց համար կարեւոր տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ավտոմեքենաների շահագործման հետ կապված խնդիրները կարգավորելու համար: Բանն այն է, որ ներկայումս Հայաստանում գրանցված է շուրջ 500 հազար փոխադրամիջոց, եւ տարբեր բնույթի ծառայությունների հետ կապված զգալի դժվարություններ են առաջանում. օրինակ` խախտումների մասին տեղեկությունների, այդ խախտումների համար գանձման ենթակա տուգանքների առնչությամբ: Հատկապես կարեւորվում են դեպքերը, որոնք կապված են աոտոմատ տեսախցիկներով եւ տեսաարձանագրիչ սարքերով ֆիքսվող խախտումների հետ:
Համագործակցելով ՀՀ ճանապարհային ոստիկանության հետ, «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ-ն կանոնավոր կերպով տեղեկատվություն է ստանում www.4car.am կայքում գրանցված օգտատերերի մասին եւ օն-լայն ձեւաչափով տուգանքների մասին բոլոր տվյալներն ուղարկում է տվյալ օգտատիրոջը` sms-հաղորդագրության տեսքով, կամ էլեկտրոնային փոստով:
«Դա մենք չափազանց կարեւոր ենք համարում»,- նշել է «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ-ի վեբ-նախագծերի մենեջեր Տիգրան Մաթեւոսյանն ու հավելել. «Ճիշտ է, մեր երկրում նման էլեկտրոնային ակտերը իրավաբանական ուժ չունեն, սակայն, գրանցվելով մեր կայքում, օգտատերը հնարավորություն է ստանում ժամանակին տեսնել խախտումն արձանագրած ֆոտո- կամ տեսանյութը, ծանոթանալ այն պատժամիջոցի բնույթին ու չափին, որն իր նկատմամբ մտադիր է կիրառել ճանապարհային ոստիկանությունը: Ի դեպ, փոստով ուղարկվող ծանուցումը շատ երկար է հասնում հասցեատիրոջը, քանի որ վարորդի գրանցման եւ բնակության հասցեները երբեմն չեն համընկնում: Իսկ համաձայն գործող նորմատիվի, եթե տուգանքը չի մուծվում որոշակի ժամանակի ընթացքում, ապա դրա չափը կրկնապատկվում է: Հետեւաբար, ակտին ժամանակին ծանոթանալը շատ օգտակար է դառնում»:
Կարճ ժամանակահատվածում www.4car.am կայքում գրանցվել է արդեն ավելի քան 2000 ավտոմոբիլիստ: Վերջին շաբաթվա ընթացքում «ՆԻԿԻՏԱ Մոբայլ Արմենիա» ՍՊԸ-ն նրանց ծանուցել եւ ուղարկել է շուրջ 600 էլեկտրոնային ակտ: Գործում է կայքից օգտվողներին աջակցման շուրջօրյա ծառայություն: Ամենակարեւորն այն է, որ տվյալ ծառայությունը բաժանորդների համար միանգամայն անվճար է:
Տ. Մաթեւոսյանի խոսքերով, այսպիսի տեղեկատվական ծառայության մատուցումը հանդիսացավ www.4car.am ցանցային պորտալի ստեղծման հիմնական նպատակը` հաշվի առնելով ցանցի բազմաթիվ օգտատերերի ցանկությունները: Դրա հետ մեկտեղ, կան նաեւ այլ ծառայություններ: