News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Նոյեմբերյանի զորամասում մայիսի 15-ին սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատների ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի միջեւ բանակցությունները կարծես թե ավարտվել են: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ ճանապարհն արդեն բացել են, իսկ զինվորի հարազատները պատրաստվում են հետ վերադառնալ Վերին Գետաշեն` Լյուքս Ստեփանյանին հուղարկավորելու (ֆոտոռեպորտաժ):

Նշենք, որ այս ողջ ընթացքում դին դագաղով դրված էր մայթին: NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Վերին Գետաշեն են ուղեւորվել նաեւ Սեյրան Օհանյանն ու Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` մասնակցելու հուղարկավորության արարողությանը:

Մինչ այդ սպանված զինվորի ծնողների հետ զրույցի ժամանակ վերջիններս սպառնացել են, որ կամ կհասնեն Երեւան, կամ կմնան այստեղ՝ Սեւանի մայրուղու վրա, եթե մեղավորներն անհապաղ չպատժվեն: Հարազատները մեղադրել են պաշտպանության նախարարին խաղաղ պայմաններում զինվորների սպանությունների եւ մեղավորներին արժանի պատժի չենթարկելու համար:

Եթե մեղավորը պատասխանատվության չենթարկվի օրենքի ողջ խստությամբ, սպանված զինվորի ծնողները սպառնացել են ինքնուրույն պատժել մեղավորներին:

Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է, թե դեպքն ինչպես է եղել: Ըստ նախարարի «կուրիլկայում» դասերը պատրաստելու ժամանակ վիճել են միմյանց հետ, ինչից հետո կրակել է մյուս զինվորը: Օհանյանը նաեւ ներկայացրել է նման ողբերգական դեպքերի պատճառների սեփական մենկանաբանությունը. «Դա մեր տաքարյունություն է, անհամբերություն ու անզիջողականությունը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հուղարկավորությունը պետք է այսօր լիներ, սակայն ծնողները որոշել են Երեւան բերել իրենց որդու դին՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից իրական պատճառը լսելու եւ մտադիր են կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնել:

Ճանապարհին՝ Երեւան-Սեւան մայրուղում բախվել են ոստիկաններն ու սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատները: Դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել են, որ նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել: Զինվորի հարազատները զինվորականների մեքենաների պատնեշը հաղթահարելու համար ջարդել են նրանց մեքենաները:

Հարազատների հետ հանդիպման են գնացել ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը եւ Ռազմական ոստիկանության պետ Սամվել Ղուկասյանը: Ավելի ուշ դեպքի վայր են ուղեւորվել Սեյրան Օհանյանն ու ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը, ովքեր զրուցել են զինվորի հարազատների հետ:

Վերջիններս փորձում են սպանված զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին համոզել, որ Երեւան չգան, հետ վերադառնան եւ վստահեցնում, որ սպանությունը կբացահայտվի: Սակայն զինվորի հարազատները շարունակում են ընդվզել:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել, ինչի արդյունքում պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Իշխանի Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում: Վերջինս ընդունվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Դ.Խաչատրյանը ձերբակալվել է, ապա՝ կալանավորվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ