News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը զբաղեցրած պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: NEWS.am-ի տեղեկությունը հաստատել է նաեւ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«ՌԻ պետը ներկայացրել է նման հրաժարական, բայց մինչև ծառայողական քննություն չլինի ոչինչ չի կարող լինել»,- նշեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, ժամը 21:05-ի սահմաններում պահակակետի հերթափոխի ժամանակ, Հայաստանի ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 3-րդ կուրսի կուրսանտ Արմեն Վլադիկի Մելքումյանն իրեն ամրակցված ինքնաձիգով կրակոց է արձակել պահակադիր, նույն կուրսի կուրսանտ Սիփան Գագիկի Մովսիսյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վիրավորում:

Նույն օրը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն «հեմոռագիկ տրավմատիկ շոկ, կրծքավանդակի աջ կեսի թափանցող միջանցիկ հրազենային վիրավորում, հեմոթորոքս» ախտորոշմամբ ընդունված Ս.Մովսիսյանը ժամը 22:20-ի սահմաններում մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 104 հոդ. 1-ին մասով (Սպանություն) հարուցվել է քրեական գործ եւ կատարվում է նախաքննություն:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ հերթափոխի ժամանակ Ա.Մելքումյանի եւ Ս.Մովսիսյանի միջեւ առաջացած վիճաբանության ընթացքում հնչել են փոխադարձ հայհոյանքներ, իսկ Ս.Մովսիսյանի կողմից չկրակողի հասցեին հնչեցված հայհոյանքից անմիջապես հետո, Ա.Մելքումյանը մենահատ կրակոց է արձակել նրա ուղղությամբ եւ պատճառել հրազենային մարմնական վնասվածք:

Արմեն Վլադիկի Մելքումյանը ձերբակալված է, քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դեպքից հետո Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել Ն Սեյրան Օհանյանը, որին մասնակցել են ՊՆ փոխնախարարների, ԳՇ պետը, ՀՀ ՊՆ եւ ԳՇ վարչությունների պետերը: Անդրադառնալով միջադեպին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Սա մեզ համար չափազանց մեծ ցավ է, կրկնակի ցավ ու կրկնակի ողբերգություն, քանի որ այն տեղի է ունեցել ապագա սպաների կրթական հաստատությունում: Մեզ համար անթույլատրելի են նման երեւույթները: Ցանկացած կերպ դրանք պետք է արմատախիլ արվեն ԶՈՒ-երից: Նման ոչ մի դեպք չպետք է անպատիժ մնա»: Նա հանձնարարել է իրականացնել ծառայողական մանրազնին քննություն եւ պատժել բոլոր մեղավորներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ