News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է տիրապետի հայերենին, քանզի, եթե մարդը չի տիրապետում իր մայրենի լեզվին, նա ոչ միայն վտանգում է իր ինքնությունը, այլեւ թուլանում որպես անհատ: Այս մասին, այսօր՝ հունիսի 26-ին, հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ով Լեհաստանում, Զամոսչի քաղաքապետարանի «Կոնսուլատ» դահլիճում հանդիպում է ունեցել լեհահայ համայնքի պատվիրակների հետ: Հանրապետության նախագահը հանդիպման մասնակիցների առջեւ հանդես է եկել ելույթով, որտեղ մասնավորապես ասել է.

«Ողջունում եմ բոլորիդ: Անչափ ուրախ եմ այսօր գտնվել այստեղ այս ջերմ, հայաշունչ միջավայրում, հանդիպել Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Լեհաստանում հայ համայնքի պատմությունը սկիզբ է առնում դեռեւս 11-րդ դարից, երբ Անիի անկումից հետո տարագիր հայերը բնակություն հաստատեցին Լեհական թագավորության արեւելյան հատվածներում` այստեղ հիմնադրելով առաջին գյուղերը:

Լեհաստանում հայ ժողովրդին ընձեռնված հնարավորությունների շնորհիվ դուք ձեր գիտելիքներն ու աշխատասիրությունն ի սպաս դրեցիք Լեհաստանի քաղաքական եւ սոցիալ-տնտեսական կյանքի զարգացման ու բարգավաճման գործին` զբաղվեցիք արհեստով, առեւտրով, ծառայեցիք գիտությանը, ներգրավվեցիք պետական եւ դիվանագիտական ծառայությունում, տեղ գտաք զինվորական համակարգում, ինչպես նաեւ ձեր հաստատուն տեղը զբաղեցրիք լեհական մշակույթում: Կան անուններ, որոնք հպարտությամբ են լցնում բոլորիս սրտերը` բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչ եւ նկարիչ Թեոդոր Աքցենտովիչ, կինոռեժիսոր Եժի Կավալերովիչ եւ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկի:

Պատմության անիվը շարունակում է իր ընթացքը, եւ ես ուրախ եմ, որ հայ-լեհական պատմական հարաբերություններին` խարսխված բարիդրացիության, փոխադարձ վստահության եւ հարգանքի վրա, նոր շունչ ու միջպետական բնույթ հաղորդվեց Հայաստանի անկախության վերահաստատումից հետո:

Հավատացած եմ` մեր բարեկամությունը հարատեւ է, քանզի այն հիմնված է համանման արժեքներին ու սկզբունքներին մեր ժողովուրդների հավատարմության վրա. ասածիս վկայությունն է 2005 թվականի ապրիլի 19-ին Լեհաստանի Սեյմի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման որոշումը: Հայ ժողովուրդը խորը երախտիքի զգացումով է լցված Լեհաստանի ժողովրդի հանդեպ, որն օրինակելի վարքագիծ ցուցաբերեց այս խնդրում:

Աշխարհասփյուռ հայության յուրաքանչյուր ներկայացուցիչ մեր ազգային միասնության առհավատչյան է, իսկ դրա հիմքը Հայրենիքի հանդեպ սերը: Դիպուկ են Գարեգին Նժդեհի խոսքերը. «Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ մի մարմին` առանց հոգու»: Ուստի, մենք հզորանալու ենք մեր համախմբվածությամբ, մեր միասնությամբ, համազգային խնդիրների լուծման մեր հաստատակամությամբ:

Հայաստանը եւ Սփյուռքը ուժեղ են միասնաբար` ուս ուսի տված: Մենք Հայաստանում մեզ ավելի զորեղ ենք զգում՝ մեր մեջքին ունենալով Սփյուռքի ուժը: Վստահ եմ, որ նույն կերպ էլ դուք եք զգում Հայաստանի Հանրապետության ներկայությունը, ձեր անկախ ու ազատ Հայաստանի գոյությունը: Մենք շարունակելու ենք մեր համախմբված գործունեությունը ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ:

Յուրաքանչյուր հայ երիտասարդ պետք է տիրապետի հայերենին, քանզի, եթե մարդը չի տիրապետում իր մայրենի լեզվին, նա ոչ միայն վտանգում է իր ինքնությունը, այլեւ թուլանում որպես անհատ: Կուզենայի, որ յուրաքանչյուրդ լինեիք գրագետ եւ մրցունակ:

Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին պետք է սատարի ձեզնից յուրաքանչյուրին` աշխարհի ցանկացած երկրում ապրելու` որպես հպարտ հայ: Փառք ու պատիվ այն ընտանիքներին, որոնց հաջողվում է խուսափել ուծացման վտանգից եւ հայ մեծացնել իրենց զավակներին: Հայ ինքնությունը կպահպանվի, քանի կա մեր մայրենին, մեր հավատքը, մեր մշակույթը:

Ուզում եմ բոլորիդ հորդորել՝ հաճախ գալ Հայաստան, ականատեսը լինել առկա առաջընթացի, ծանոթանալ դեռեւս լուծում չստացած խնդիրներին եւ սեփական մոտեցումները կիսել մեզ հետ:

Հավատացած եղեք, Հայրենիքն է այն առանցքը, որի շուրջ համախմբվում է ողջ ժողովուրդը ուրախության թե ցավի, ողբերգության թե հաղթանակների պահին: Վստահ եմ` դուք` լեհահայերդ, շարունակելու եք նվաճումներ ու հաղթանակներ արձանագրել՝ ի փառս հայ ժողովրդի եւ Հայրենիքի»:

Այսօր երեկոյան, ավարտելով պաշտոնական այցը Լեհաստան՝ նախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ