Վրացի իրավապահները հունիսի 28-ի երեկոյան ձերբակալել են հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբորը՝ Արմեն Չախալյանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է «Բազմազգ Վրաստան» քաղաքացիական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը՝ նշելով, որ Չախալյանին առայժմ մեղադրանք չի առաջադրվել։
Ստեփանյանի խոսքով՝ հունիսի 28-ի երեկոյան հայ երիտասարդների միջեւ կենցաղային հողի վրա կռիվ է ծագել. հարաբերություններ են պարզել 150-160 հայեր, այդ թվում՝ անչափահասներ։
«Տղաները զանգահարել են Արմեն Չախալյանին, որը հեղինակություն է վայելում Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հայ երիտասարդների շրջանում, եւ խնդրել, որպեսզի գա եւ հաշտեցնի վիճողներին։ Արմեն Չախալյանն այդ ժամանակ ընկերների հետ նրանցից մեկի տարեդարձն է տոնելիս եղել։ Երբ նա ժամանել է, ոչինչ չի կարողացել անել, քանի որ արդեն դեպքի վայր էին հասել Նինոծմինդայի եւ Ախալքալաքի ոստիկանության եւ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցները։ Չախալյանը 30 ընկերների հետ միասին ձերբակալվել եւ տեղափոխվել է Ախալցխա»,- նշել է Ստեփանյանը՝ հավելելով, որ Չախալյանի փաստաբանը մեկնել է Ախալցխա։
Ստեփանյանը նաեւ նշել է, որ Արմեն Չախալյանի ձերբակալման մի քանի պատճառներ են շրջանառվում. Վահագն Չախալյանի վրա ճնշում գործադրելու փորձ, որպեսզի զսպեն հասարակական-քաղաքական կյանքում վերջինիս ակտիվությունը, նրա հետ հաշիվների մաքրում. «Ջավախքի բնակչության հանդեպ Վրաստանի նոր կառավարության վերաբերմունքը գործնականում նույնացվում է հայերի հանդեպ Սահակաշվիլիի վերաբերմունքին։ Նոր իշխանությունը շարունակում է ազգային փոքրամասնությունների հանդեպ քաղաքականությունը։ Սակայն չեմ կարծում, որ Չախալյանին կալանավորելու մասին որոշումը կոալիցիոն էր։ Պարզապես իշխանության մեջ կա խումբ, որը դեմ է ազգային փոքրամասնությունների հանդեպ կոալիցիոն վերաբերմունքին։ Եթե ազգային փոքրամասնությունների հանդեպ իշխանությունների վերաբերմունքը չփոխվի, ապա դա տարածաշրջանի համար հղի կլինի սպառնալիքներով»։
Հիշեցնենք, ավելի վաղ հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբոր՝ Արմեն Չախալյանի ձերբակալման մասին հայտնել էր «Գռուզիա Online»-ը՝ վկայակոչելով Ախալքալաքի աղբյուրները։
Լրատվամիջոցներ. Վրաստանում ձերբակալվել է հայ ակտիվիստ Վահագն Չախալյանի եղբայրը



























