News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հրազենային մահացու վիրավորումից մահացած 20-ամյա Արման Մուրադյանի գործով կալանավորված գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանի մեղքով Արմանից առաջ եւս երկու զինծառայող է սպանվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց 20-ամյա Արման Մուրադյանի հայրը` Հովսեփ Մուրադյանը:

Նրա խոսքով՝ կատարվածն ինքնասպանություն չէ, որ որակել են, այլ սպանություն է, որը բացահայտելու համար հայրը մեր զրույցի պահին մեկնում էր Լեռնային Ղարաբաղ: «Իմ տղայի սպանությունից առաջ ապրիլի 19-ին էլ սպանվել էր զինծառայող Րաֆֆի Մարաշյանը: Մեկ զինծառայող էլ կա: Իսկ այն լրատվամիջոցները, որոնք տվել են, թե կատարվածը ինքնասպանություն է, պետք է հրապարակավ ներողություն խնդրեն»,-ասաց նա:

Հարցին, թե իր կարծիքով, ո՞րն է եղել պատճառը, որ իր որդու հետ այդպես են վարվել, նա պատասխանեց, որ իր որդին անհամաձայնություն է ունեցել Էմիլ Ավետիսյանի ազգական ծառայակիցներից մեկի հետ: Բացի այդ, ըստ Հովսեփ Մուրադյանի, ցանկացել են զորամասի հրամանատար Սմբատ Գրիգորյանին աշխատանքից ազատել, հետեւաբար` նման բան են կազմակերպել, որ մեղքը բարդեն նրա վրա:

«Իմ երեխան թիրախ է եղել: Համ էլ տղաս մեկ տարի առաջ հոսպիտալ է պառկած եղել եւ իրանց համար հարմար թիրախ է: Արցախում ամեն ինչ կպարզենք»,- ավելացրեց սպանվածի հայրը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Արման Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը եւ ավելացրել, որ նա օգոստոսի 5-ին կալանավորվել է: Նրա դեմ մեղադրանքը առաջադրվել է 358.1. պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ: Սաը ենթադրում է, որ գործով կան այլ տուժողներ:

NEWS.am-ի տեղեկություններով նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել նաեւ 358   պրիմ հոդվածի 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը: Մեղադրանք է առաջադրվել նաեւ 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը:

Հիշեցնենք,  որ Արման Մուրադյանը 3 ամիս հետո պետք է տուն վերադառնար: Գյուղապետը պատմել էր, որ տղայի հայրը գյուղի իրենց տունն ու հողերը վաճառելուց հետո մեկնել էր Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի, իսկ մայրը կրտսեր որդու հետ ապրում է Էջմիածնում՝ հարազատների տանը: «Մեր աչքի դեմը մեծացած երեխա էր, շատ խելոք, շնորհքով ընտանիք են: Մի անգամ էլ դեպք եղավ, երբ ծառայությունից փախավ, էլի հետ տարանք: Ծառայության հետ չէր հարմարվում: Սերժանտ էլ է եղել, թե ինչի պետք է այդպիսի քայլի գնար, չեմ հասկանում»,-ասել է գյուղապետը:

Հիշեցնենք նաեւ, որ  Արցախում հուլիսի 30-ին հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում, նախնական տվյալներով, հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1993թ. ծնված Արման Հովսեփի Մուրադյանը: ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնել էին, թե միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Դեպքից երկու օր անց հարազատները դեռ տղայի մորը չէին կարողանում ասել  կատարվածի մասին: Իսկ հայրը Ռուսաստանից վերադառնալու ճանապարհին է տեղեկացել, թե իրականում ինչի համար են իրան շտապ կանչել Հայաստան:

Տպել
Ամենաշատ