ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վիրահատությունը բարեհաջող է անցել եւ նա հիմա շատ լավ է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նրա մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ առաջիկա օրերին գեներալը Փարիզից կվերադառնա Հայաստան:
«Ամեն ինչ շատ լավ է անցել եւ անձամբ նա այնտեղից ղեկավարում է օգոստոսի 24-ից մեկնարկելիք ուխտագնացության աշխատանքները»,- ասաց Վարդան Վարդանյանը:
Նշենք, որ օգոստոսի 24-ին մեկնարկում է Ամենամյա ուխտագնացությունը դեպքի Արցախ, որի մտահղացման հեղինակը Մանվել Գրիգորյանն է: Ուխտագնացությունը սկսել է դեռեւս 2000թ-ից, բայց ակունքները գալիս է պատերազմի տարիներից: 1993թ-ից գեներալի մայրը զոհված տղաների այրիների եւ մայրերի ուղեկցությամբ գնացել է առաջին գիծ, գուլպաներ են գործել, օգնել նրանց: Հրադադարից հետո էլ ամենամյա ուխտագնացություն է կազմակերպվել, որը մինչեւ այսօր շարունակվում է:





























