Կոմիտաս 5 հասցում իրականացվող շինարարության դեմ պայքարող ակտիվիստներից Անուշավան Պետրոսյանը կտրել է երակները, նրան տեղափոխել են հիվանդանոց, այնտեղից էլ` Ոստիկանության Արաբկիրի բաժին` արձանագրություն կազմելու նպատակով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասաց, որ Անուշավան Պետրոսյանի վիճակը նորմալ է, նրան տեսել է ոստիկանության բաժանմունքում, երբ ինքը դուրս էր գալիս, վերջինիս մտցնում էին: Կինոռեժիսորը շեշտեց, որ երիտասարդը իրեն շատ կոռեկտ էր պահում, շուտով իրենց ներկայացուցիչները կգնան ոստիկանության Արաբկիրի բաժին նրան դիմավորելու: Այնտեղ այժմ գտնվում են տարածքում իրականցվող շինարարության դեմ պայքարող երկու բնակիչ:

Տիգրան Խզմալյանն ասաց, որ այժմ Կոմիտաս 5-ում շարունակվում է շինարարությունը, բնակիչների բախումները եւս շարունակվում են, ակտիվիստների նոր խմբեր են մոտենում տարածքին: Ինչ վերաբերում է իր նկատմամբ վարչական բերում իրականացնելուն, ապա կինոռեժիսորն ասաց, որ ինքը ոստիկանությունում ոչ մի արձանագրություն չի ստորագրել, որովհետեւ կարծում է, որ ապօրինությունը պաշտպանելը ապօրինություն է: «Ապօրինությունը այն է, որ ոստիկանությունը կարմիր բերետներով անօրինականություն է պաշտպանում, որովհետեւ բնակիչները պահանջում են, որ իրենց իրավունքները չխախատեն բռի ձեւով»,-ասաց կինոռեժիսորը:

Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Անուշավան Պետրոսյանի  նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն` նրա նկատմամբ արձանագրություն է կազմվել:

Նշենք, որ այսօր առավոտվանից Կոմիտաս 5 հասցում լարված իրավիճակ է, տեղի է ունեցել բախում ոստիկանների եւ բնակիչների միջեւ, քանի որ վերջիններս փորձում էին կանխել իրականացվող շինարարությունը: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդել էր, որ տարածքում մեծաթիվ ոստիկաններ կային, կարմիր բերետավորներ, ակտիվիստները փակել էին ճանապարհները, առաջացել էին խցանումներ:

Այդտեղ պատրաստվում են կառուցել 10 հարկանի նորակառույց շենք, որը լրիվ փակում է այդ բակի շենքերի արեւը, մուտքը, լույսը: Այստեղ շինարարությունը սկսել են մի քանի տարի առաջ, բայց բնակիչների բողոքի արդյունքում դադարեցրել էին այն, իսկ վերջին երկու շաբաթների ընթացքում նորից վերսկսել: Շինարարությունն ուղեկցվում է բնակիչների, ակտիվիստների բողոքի ակցիաներով, երբեմն նաեւ նրանց եւ ոստիկանների միջեւ բախումներով :«Մոտ 10 օր առաջ էկսկավատոր են մտցրել, այսօր մտցրել են բուլդոզերներ եւ կամազներ, որպեսզի խորացնեն փոսը: Մենք այժմ այստեղ ենք, պաշտպանում ենք բնակիչներին, որ ոտնձգություն չանեն: Երեք բազմաբնակարան շենքերի բնակիչները թույլ չեն տալիս շինարարություն անել, դա անօրինական է, այստեղ փակցված «Ավելի բարեկարգ Երեւան» պաստառի վրա նրանք գրել են «Չենք թողնի անօրինական շենքով փակել մեր արեւը»,- ավելի վաղ ասել էր կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: