News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«168 ժամ»-ի տեղեկություններով, բրիտանական Jacobs ընկերությունն ավարտել է բնապահպանական աուդիտը «Նաիրիտ» գործարանում եւ եզրակացությունը ներկայացրել ՀՀ կառավարությանը, գրում է թերթը եւ հավելում.

«Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ բրիտանացիների եզրահանգումները բոլորովին ուրախալի եւ հուսադրող չեն «Նաիրիտի» համար: Նրանց գնահատմամբ՝ գործարանը կարելի է աշխատացնել միայն արտադրության բուտադիենային տեխնոլոգիայով եւ ոչ մի դեպքում չի կարելի վերագործարկել կաուչուկի արտադրության ացետիլենային եղանակը:

Գործարանի արդեն նախկին սեփականատեր Մեծ Բրիտանիայում գրանցված օֆշորային Rhinoville Property Limited ընկերությունը պարտավորվել էր 60 մլն դոլար ներդրում անել եւ մինչեւ 2009 թ. հունվարի 1-ն անցնել բուտադիենային տեխնոլոգիայով կաուչուկի արտադրության, որի դեպքում հնարավոր կլիներ կաուչուկի արտադրությունն ամսական 1000 տոննայից հասցնել 2.5 հազար տոննայի: Դրանից հետո էլ 2-3 ամիսը մեկ անգամ Ա.Մոսվսիսյանը հայտարարում ու վստահեցնում էր, թե շուտով, շատ շուտով անցում կկատարվի բուտադիենային տեխնոլոգիայի: Սակայն անցում բուտադիենին այդպես էլ չկատարվեց, իսկ 2010 թ. փետրվարից գործարանն ընդհանրապես դադարեց արտադրանք թողարկել:

Այժմ բրիտանացի մասնագետների այս եզրահանգումը նշանակում է, որ «Նաիրիտն» առնվազն 2-3 տարի չի աշխատելու՝ մինչեւ վերազինում կատարվի, ներդրվի բուտադիենային տեխնոլոգիա, եւ նոր գործարկվի: Իսկ դա էլ նշանակում է, որ գործարանի աշխատակիցները կուղարկվեն տուն՝ իրենց հաշվին արձկուրդի, կամ փաստացի՝ կազատվեն աշխատանքից...»,- գրում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):


!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ