News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Փաստաբանների պալատի նախագահ  Ռուբեն Սահակյանն օր-օրի սպասել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդման դադարեցմանը: Իսկ ովքեր անհանգստացած են այդ որոշումից առաջարկում է գնալ մոմ վառել, որ Հայաստանում վերջապես  գոնե այս գործով արդար որոշում կայացվեց: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի փաստաբան, փաստաբանների պալատի նախագահ  Ռուբեն Սահակյանը եւ ավելացրեց, որ ինքը լրատվամիջոցներից է տեղեկացել կատարվածի մասին:  

«Մի անգամ ճշմարտ բան են արել, ինչից լրագրողները անհանգստանում են, հա՞»,-նշեց Ռուբեն Սահակյանը: Դիտարկմանը, թե արձագանքն այդպիսին է, նա արձագանքեց. «Այդ արձագանքի վրա ես թքած ունենամ: Դա վիրավորական է, դա ժուռնալիստիկա չէ: Դա լկտիություն է ժուռնալիստների կողմից, որոնք արդարությունը թողած մի կողմ, անպայման, ուզում են, որ անմեղը դատապարտվի»:

Հարցին, թե այս որոշումը ենթադրում է , որ Արտակ Բուդաղյանը պետք է դատապարտվի՞, նա պատասխանեց. «Այդ տարբերակը բացառում եմ: Նախ` հոդվածը մինչեւ երկու տարվա ազատազրկում է  նախատեսում: Հետո պատիժը ազատազրկման հետ չէր կապված: Հետեւաբար, ազատազրկման մասին խոսք լինել չի կարող: Բացի այդ, Խաչատրյանների ընտանիքից  Բուդաղյանների մասով տուժող է հանդիսանում Լորետա Բարսեղյանը եւ համոզված եմ, որ նա չի բողոքի ու չի պահանջի Բուդաղյանին քրեական պատասխանատվության ենթարկել: Տարբերակ կա, որ նրա մասով էլ կկարճվի»:

Նշենք, որ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի վարույթում քննվող 2013թ. հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հիմնավորվել է, որ մեղադրյալներ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն ակնհայտ համապատասխանում են անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին, նրանց արարքներում անհրաժեշտ պաշտպանության իրավաչափության բոլոր պայմաններն առկա են: Նման հաղորդագրություն է տարածել Հայաստանի ՊՆ քննչական ծառայությունը: «Վերոգրյալը հիմք ընդունելով 07.09.2013թ. որոշումներ են կայացվել մեղադրյալներ Զարզանդ Նիկողոսյանի եւ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու, ինչպես նաեւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք էր եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ էր ծագել, որը շարունակվել էր Սյունիքի մարզպետի տան մոտ: Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել էր Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: Արտակ Բուդաղյանին հուլիսի 9-ին մեղադրանք է առաջադրվել Քր.օր.-ի 137-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքը, եթե այդ սպառնալիքն իրականացնելու իրական վտանգ է եղել): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Տպել
Ամենաշատ