News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի ռեժիսոր Սուրեն Թադեւոսյանի մեղադրանքները՝ իրեն կանգնեցրած եւ տուգանած Ճանապարհային ոստիկանության տեսուչի հասցեին, անհիմն են։  Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արսեն Արշակյանը՝ նշելով, որ այսօր Ճանապարհային ոստիկանության առաջին սպաայական գումարտակի տեսուչ Սահյանի կողմից երթեւեկության կանոնները խախտելու համար Պարոնյան փողոցի վրա կանգնեցվել է վարորդ Սուրեն Թադեւոսյանը՝  հետիոտնին նախատեսված վայրով անցնելու ժամանակ չզիջելու համար, եւ տեսուչի կողմից կազմվել է վարչական իրավախախտումների արձանագրություն։

«Սուրեն Թադեւոսյանի կողմից կատարված խախտումը ակնհայտ է, ունենք տեսաձայնագրություն, եւ ես կարող էի այն տրամադրել Ձեզ, բայց քանի որ դա վերաբերում է իրեն, թող ինքը որոշի։  Պատրաստ եմ նաեւ Սուրեն Թադեւոսյանին ընդունել ինձ մոտ, ցույց  տալ իր կողմից կատարված խախտման ձայնագրությունը, չհամաձայնելու դեպքում վարորդը իրավունք ունի դիմել վերադաս մարմիններին կամ դատական կարգով վիճարկել»,- նշեց Արսեն Արշակյանը։

Ինչ վերաբերում է տեսուչի կրթվածությանը, թե նա «հետիոտն» բառի փոխարեն ասել է «հետնորդ», ՃՈ-ի պետն ասաց, որ, ի տարբերության ոմանց, տեսուչ Արշակ Սահյանն ունի հայկական միջնակարգ եւ բարձրագույն կրթություն, եւ շատ լավ տիրապետում է հայոց լեզվին, գիտի հետիոտն ո հետնորդ բառերի  տարբերությունը։ «Ուստի ներկայացված մեղադրանքներն  անհիմն են, տեսուչի գործողությունները օրինաչափ են։ Տեսանկարահանման մեջ հստակ երեւում է իր մեքենան, իր հետ զուգահեռ համընթաց որեւէ տրանսպորտային միջոց չկա, որը չզիջի նույն հետիոտնին»,- նշեց Արսեն Արշակյանը։

Նշենք, որ Սուրեն Թադեւոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր հետեւյալը. «Կյանքում չեք փոխվի։ Ինչքան ուզում ա ձեր շեֆը փոփոխություններ անի: 3-րդ հիվանդանոցի հայաթից դուրս եմ գալիս, 100 մետր չքշած` ինձ դիմացի մայթից թեքվում ու կանգնացնում ա 720-01 համարներով մետալիկ մոխրագույն ԳԱԻ մեքենան... Իմ զարմացած հարցին` «Ի՞նչ պատճառով», փաստաթղթեր ա ուզում, ավտոյի մեջ նայում ու ասում, որ հետիոտնին չեմ զիջել: Իմ զարմացած հարցը` «Ի՞նչ հետիոտն», իրան հեչ չզարմացրեց... Լավ, ասենք` հետիոտն ա եղել, ես էլ չեմ զիջել, իսկ ինչո՞ւ 4 մեքենաներից, որոնք միաժամանակ անցնում էին, Արշակ Սահյանը որոշեց կանգնացնել ոչ 2 «Ժիգուլի»-ներին, ոչ «Օպել»-ին, այ հենց սպորտային «Կաբրիոլետ BMW»-ն: Որտև իր հարցին` «Հիմա գրո՞ւմ ենք, թե՞ ոնց», ինքը ուրիշ պատասխան էր սպասում հաստատ BMW-ի վարորդից, բայց ոչ թե «Իհարկե գրեք!»... Մեղքս գալիս եք... Գիտեմ, որ իմ 6300 ֆրենդների մեջ ոնց էլ լինի ոստիկանության աշխատակիցներ կլինեն... Եթե Գասպարյան Վովային կարաք բան փոխանցեք, փոխանցեք, որ տխուր ա, տխուր ա մեր գայիշնիկների վիճակը..... Գնամ էսօր մի հատ «Օպել» առնեմ, քշեմ...»։

Տպել
Ամենաշատ