News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պետք է խուսափել զենքի գնումներից, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը ԼՂ հակամարտությունում, ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից, հակամարտության խաղաղ կարգավորման փոխշահավետ հնարավորություններ փնտրել: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ անդրադառնալով փաստին, որ Ռուսաստանը մեծ թվով հարձակողաման բնույթի զենք է վաճառում Ադրբեջանին:

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում չկա, որեւէ ռազմական լուծում հնարավոր չէ, պետք է բանակցային, խաղաղ կարգավորում լինի: «Մենք՝ որպես Միացյալ Նահանգներ, եւ կարծում եմ բոլոր երեք համանախագահներն էլ ձգտում են օգնել կողմերին գտնել խաղաղ կարգավորման բանաձեւը: Եվ մենք շարունակելու ենք խթանել այս լուծման որոնումները, որքան հնարավոր է: Բայց դա դժվար է: Անցած մի քանի տարիներին առանձնապես առաջընթաց չի արձանագրվել: Մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին առաջընթացն ավելի շոշափելի կլինի»,-ասել է դեսպանը:

Անդրադառնալով ԱՄՆ Կոնգրեսի կողմից ԼՂ-ին ամեն տարի օգնություն հատկացնելուն եւ այդ հատկացումների նվազումը Ադրբեջանի ճնշումներով բացատրելու փորձերին, Հեֆերնը նշել է. «ԱՄՆ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ, շատ հաստատուն է եղել: Ամերիկյան ցանկացած լրատվական հաղորդում դիտելիս՝ կարող եք տեսնել, որ մեր բյուջեն կրճատվում է եւ բոլոր ոլորտներում սահմանափակումներ իրականացնելու ճնշումներ կան: Կոնկրետ այս բյուջեն՝ Եվրոպայի եւ Եվրասիայի գրասենյակի արտասահմանյան աջակցության բյուջեն շոշափելիորեն կրճատվել է, հատկապես աշխարհի այլ վայրերում առկա հանգամանքների բերումով: Այնպես որ, ամբողջ տարածաշրջանին հատկացվող բյուջեի հետ կապված մեծ ճնշումներ կան: Չնայած դրան՝ մենք կարողացել ենք 2 միլիոն դոլարի համագործակցության, գործընկերության եւ օտարերկրյա աջակցության բյուջե հատկացնել Լեռնային Ղարաբաղին: Մենք կենտրոնացել ենք ականազերծման եւ ոռոգման ոլորտների վրա:

ԱՄՆ դեսպանը խոսել է նաեւ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորության մասին, նշելով. «Վաշինգթոնը խորապես գիտակցում է, թե 10-ամյա տարելիցը ինչպիսի մեծ կարեւորություն ունի հայ ժողովրդի համար: Բայց ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի նախորդ հայտարարությունները այն ամբողջ ժամանակահատվածում, որ նա զբաղեցնում է այդ պաշտոնը, շատ խիստ հայտարարություններ են: Դրանցով նա ճանաչում է այն բոլոր սարսափները եւ փաստերը․․․ Ես չեմ կարող կանխատեսել, թե դա կոնկրետ ինչ ընթացք կստանա, միայն կասեմ, որ Վաշինգթոնը խորապես գիտակցում է, թե հարյուրամյա տարելիցը որքան կարեւոր է հայ ժողովրդի համար»:

Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ էլ ասել է. «Մենք միշտ կապի մեջ ենք Թուրքիայի իշխանությունների հետ: Եվ մենք շատ խորը, մանրամասն եւ կանոնավոր խորհրդակցություններ ենք անցկացրել նրանց հետ արձանագրություններին առնչվող բոլոր խնդիրների շուրջ: Խոսքը վերաբերում է Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ արձանագրություններին, որոնք, ինչպես գիտեք, ստորագրվել էին 2009 թվականին: Այն ստորագրելը երկու կողմերից էլ մեծ խիզախություն էր պահանջում: Մենք խրախուսել եւ խթանել ենք այդ արձանագրությունների վավերացումը եւ կենսագործումը: Խնդիրը Թուրքիայի կողմից է, եւ նախկին պետքարտուղար Քլինթոնը բազմիցս ասել է, որ գնդակը Թուրքիայի դաշտում է: Եվ սա է իրականությունը: Ամեն դեպքում, ես Թուրքիայում չեմ դեսպան եւ չեմ կարող ասել այն ամենը, որ այնտեղ տեղի է ունենում, չեմ էլ պատրաստվում կանխատեսումներ անել այն մասին, թե թուրքերն ինչ են անելու»:

Ինչ վերաբերում է Հայաստանի շարունակվող արտագաղթին, Հեֆերնը նկատել է, որ պետք է խրախուսվի հայրենադարձությունը, իսկ դրա համար պետք է հնարավորություններ լինեն ժողովրդի համար: «Բավական թվով ամերիկացիներ՝ գործարարներ, երիտասարդներ, վերադարձել են Հայաստան․․․ սփյուռքահայեր, ովքեր եկել են Հայաստան՝ այստեղ բիզնես սկսելու նպատակով: Դա շատ լավ միտում է: Թերեւս դեսպանատունը, համայնքը եւ իշխանությունները ավելին կարող են անել երիտասարդ ներդրողներին հրապուրելու համար, որպեսզի նրանք վերադառնան, այստեղ բերեն իրենց ընտանիքները եւ այստեղ ապրեն: Հայրենադարձությունը այս գործընթացի եւս մեկ մասն է»,-ասել է նա:

Ամբողջական հարցազրույցը կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ