News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակից սեպտեմբերի 21-ին, 16։30-ի սահմանում, մեկնարկել է «Անկախության համազգային երթը»: Ակտիվիստները «Ոչ մաքսային միությանը», «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսերով պաստառներ են բաժանել երթի մասնակիցներին։ «Մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ անկախ Հայաստան» վանկարկելով` ակտիվիստները Հյուսիսային պողոտայով, Ամիրյան փողոցով, Մաշտոցի պուրակով շարժվում են դեպի Բաղրամյան 26: Այս կերպ քաղաքացիական ակտիվիստներն իրենց դժգոհություն են հայտնում Մաքսային միությանը միանալու` նախագահ Սերժ Սարգսյանի որոշման դեմ։

Երթի մասնակիցներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ։ Առայժմ երթը խաղաղ է ընթանում։

Ակցիայի կազմակերպիչները դեռ մի քանի օր առաջ տարածել էին հայտարարություն, որում ասվում էր. «Գիտակցելով Հայաստանի Հանրապետության անկախությանը սպառնացող իրական վտանգը, կոչ ենք անում Հայաստանի ժողովրդին` միանալ սեպտեմբերի 21-ին, ժամը 16-ին Ազատության հրապարակից սկսվող երթին՝ վերահաստատելու համար ազատ ու ինքնիշխան պետության մեջ ապրելու 22 տարի առաջ կայացված որոշումը:

Մենք մերժում ենք Սերժ Սարգսյանի կողմից ընդունված որոշումները կամ հայտարարությունները, որոնք հակասում են 1990թ. ՀՀ անկախության մասին հռչակագրին և 1991թ. Անկախության հանրաքվեի արդյունքներին:

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին և որևէ մեկի որոշումը գերակա չի կարող լինել 22 տարի առաջ Անկախության օգտին քվեարկած 2 միլիոնից ավելի քաղաքացիների որոշումից:

Հստակ հասկանալով մեր պետականության գլխին կախված սպառնալիքը, Անկախության երթին միացած տարբեր քաղաքական ուժերի և քաղաքացիական խմբերի անդամներս կամ համակիրներս, պատրաստակամություն ենք հայտնում մի կողմ թողնել մեր միջխմբային եւ գաղափարական հակասություններն ու անհամաձայնությունները, լծվելու համար մեր հայրենիքի ինքնիշխանության համար վերսկսվող պայքարին:

Մենք հայտարարում ենք՝ Հայաստանի Հանրապետությունը չի կարող միանալ իր անկախությանն ու ինքնիշխանությանը սպառնացող որևէ միության: Անկախությունը անսակարկելի է, եւ մեր որոշումը` անբեկանելի»։

Երթին միացել են Երևանի քաղաքապետարանի մոտ արդեն 48 օր նստացույց անող քաղաքացիական ակտիվիստները, Նախախորհրդարանի անդամները, այլ քաղաքացիներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ