«Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամները բոլոր մտահոգ քաղաքացիների հետ միասին մտադիր են ստեղծել հանրային հանձնաժողով, որը կզբաղվի տրանսպորտի խնդիրներով եւ կպաշտպանի քաղաքացիների շահերը: Այս մասին շարժման անդամները հայտարարեցին սեպտեմբերի 30-ին Մաշտոցի պուրակում կայացած քննարկման ժամանակ:
Հանրային հանձնաժողովում կներգրավվեն տարբեր շերտերի ներկայացուցիչներ` տնտեսագետներ, իրավաբաններ, ուղևորափոխադրողներ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, քաղաքական միավորներ, վարորդներ, սպառողներ, որոնց գլխավոր նպատակն է լինելու պայքարել հանրային տրանսպորտի ուղեվարձի հնարավոր թանկացման դեմ:
Շարժման մասնակիցներից տնտեսագետ Դավիթ Գեւորգյանը հավաքվածներին ներկայացրեց միկրոավտոբուսների մեկ ուղեւորի փոխադրման սակագնի իր հաշվարկը: NEWS.am-ի թղթակից հետ զրույցում տնտեսագետն ասաց, որ ըստ իր հաշվարկների, ուղեվարձի թանկացումը անհիմն է, եւ որ 100 դրամ ուղեվարձն էլ բավական է տրանսպորտի համակարգում էական փոփոխություններ կատարելու համար:
«Մեր պահանջն է ոչ միայն չբարձրացնել ուղեվարձը, այլեւ ներկայիս ուղեվարձի պայմաններում բարելավել տրանսպորտի համակարգը: Ակնհայտ է, որ մեր տրանսպորտային այս ողբալի, խղճուկ վիճակը կարելի է բարելավել հարյուր դրամի սահմաններում: Նրանք իրենց գործը դեռ չարած՝ ցանկանում են նոր գործ ձեռնարկել: Մեզ մոտ չհաջողվեց թվերը այնքան մեծացնել, որ ստանանք հարյուր դրամից ավելի բարձր սակագին»,- ասաց Դավիթ Գեւորգյանը:
Armenia Today լրատվական կայքի համակարգող, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը մարդկանց կոչ արեց միասնական լինել, ավելի կոշտ պայքար մղել ուղեվարձի հնարավոր թանկացումների դեմ, որպեսզի նախկին «կիսատ հաղթանակը» կարողանան ավարտին հասցնել. «Պետք է հիշենք, որ առաջին փուլում ուղեվարձի հետ կապված հաղթանակը եղավ հենց փողոցներում. այստեղ ստեղծվեց մի կոլապսային իրավիճակ, իշխանությունը հասկացավ, որ ինքը այդ հարյուր դրամն էլ չի հավաքի, էլ ուր մնաց 150 կամ 200, եւ նահանջեց: Մեր խնդիրը պետք է լինի այդ ալիքի բարձրացումը, միմիայն այդ ալիքն է ընդունակ կոտրել Երեւանի քաղաքապետարանի այդ բթամտությունը, որ վերջապես հասկանան, որ ժողովրդի հետ չի կարելի կատակ անել»:







Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











