Արարատի մարզի բնակիչ, 17-ամյա հղի բնակչուհին փախել է տնից եւ ամիսներ անց հայտնաբերվել Մալաթիայի տոնավաճառում մի ծեր տղամարդու տանը, ով մարզերից եկած եւ անօթեւան մնացածներին, ինչպես նաեւ թեթեւ վարքի տեր աղջիկներին վճարի դիմաց տուն է հատկացնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցու պատմեց  «Լայթ Հաուս» Հայ-ամերիկյան հիմնադրամի տնօրեն Նաիրա Մուրադյանը:

Նա պատմեց, որ աղջկա հայրը հարբեցող է եղել, ընտանիքը սոցիալապես անապահով պայմաններում է  ապրել: Մայր նրան 14 տարեկանում ամուսնացրել է տարիքով մեծ տղամարդու հետ, սակայն աղջիկը նրանից էլ է փախել: «Մայրը ասում էր, որ նրան հազիվ մինչեւ 14 տարեկան է պահել»,- հիշեց տիկին Նաիրան, ով աղջկա անհետանալու մասին ոստիկանությանը հայտարարություն է տվել:

«Տղան անգամ նրան անընդհատ փակի տակ է պահել, բայց եկել տեսել է, որ էլի փախել է:  Ամիսներ անց նրան գտել են Մալաթիա տոնավաճառի մոտ գտնվող մի տանը, որտեղ մի տարեց տղամարդ իր մոտ է պահում դրսում եւ շրջաններից ապրող աղջիկներին, ովքեր անտուն եւ թեթեւ վարքի տեր են: Այդպես էլ կարող եք վերնագրել՝  «փախչող աղջիկը», որովհետեւ մեզ մոտ էլ այնպես ձայն դրեց, որ մայրը գար տաներ: Նա էությամբ փախչող աղջիկ է, թե դպրոցից է փախչել, թե հորից, թե մորից, թե ամուսնուց: Իսկ երբ բերեցին մեր կենտրոն, որ մասնագետները նրա հետ աշխատեին որոշեց նաեւ, որ մեզանից էլ պետք է գնա»,- պատմեց տիկին Նաիրան՝ հավելելով, որ արդեն մի քանի օր է աղջիկը ծնողների հետ է մնում եւ խոստացել է, որ ամեն ինչ լավ կլինի: «Բայց նա փախչող տեսակ է»,- ընդգծեց ՀԿ-ի տնօրենը: