Համաներման արդյունքում Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի պատժաչափը կկրճատվի 4 ամսով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հովհաննես Թամամյանի շահերի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը:
Նա նշեց, որ ըստ համաներման որոշման՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով պատճաչափի չկրած մասը կրճատվում է ¼-ով, եւ քանի որ 4 տարվա ազատազրկման դատապարտված Հովհաննես Թամամյանը 2 տարի 4 ամիս է կալանքի տակ է, ուստի նրան մնացել է 1 տարի 6 ամիս պատժաչափ, որը ¼-րդ կրճատվելու դեպքում կստացվի, որ Թամամյանը անազատության մեջ կմնա 1 տարի 2 ամիս եւս, նրա պատժաչափը ընդամենը կրճատվել է 4 ամսով:
Փաստաբանը արդարացի չի համարում, որ 308-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվող արարքի դեպքում պատժաչափը կրճատվում է ¼-ով, նա կարծիք հայտնեց, որ Թամամյանը պետք է պատժից ազատվեր:
«Արդարացի չէ, որ 308-րդ հոդվածը, որպես պաշտոնական հանցագործության տեսակ, բերել են եւ հավասարեցրել շատ ավելի ծանր այլ հանցատեսակների հետ, մասնավորապես՝ հավասարեցրել են 131-րդ, 133-րդ հոդվածներով նախատեսված հանցատեսակների հետ, որոնք նախատեսում են մինչեւ տասը տարվա ազատազրկում, 177-ի 2-րդ մասի,188-րդ 3-րդ մասով նախատեսված հանցակազմի հետ, որը նախատեսում է 7-12 տարվա ազատազրկում: Ես կարծում եմ, որ 308-րդ հոդվածի 2-րդ մասը պետք է մտներ համաներման 4-րդ կետի 1-ին մասի տակ եւ պատժից ազատվեր»,- ասաց Վաղինակ Գեւորգյանը:
Նա նշեց, որ չի հասկանում, թե ինչու այսպիսի դիքորոշում ցուցաբերեցին այս հոդվածի նկատմամբ: Վաղինակ Գեւորգյանը հավելեց, որ Հովհաննես Թամամյանը, լինելով շատ օրինապահ դատապարտյալ, ամբողջ ընթացքում բազմիցս դիմել է բաց ռեժիմով իր պատիժը կրելու խնդրանքով, որպեսզի թույլատրեն պայմանականորեն ազատ արձակվի, սակայն անհասկանալի հիմքերով հանձնաժողովները միշտ մերժել են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, 4 տարվա ազատազրկման է դատապարտել ոստիկանության քրեական հետախուզության նախկին պետ գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանը: Ըստ դատավորի, Թամամյան նաեւ իրավունք չունի երկու տարի տեղական եւ պետական մարմիններում պաշտոն զբաղեցնել: Արմեն Պողոսյանն ու Վահան Խանզադյանը դատապարտվել են 2,6 տարի պայմանական ազատազրկման: Նրանք ազատ են արձակվել դատարանի դահլիճից:
Հիշեցնենք, որ Հովհաննես Թամամյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականի մարտի 24-ից: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի այն ժամանակվա ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպերգծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը եւ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահան Խանզադյանը:





























