Հարցազրույց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի հետ:
Պարոն Գոլդման, վերջին շրջանում էլեկտրոնային նախագծման հայաստանյան շուկայում ակտիվացած ընկերությունները սկսել են ձեզանից կադրեր փախցնել: Նկատի ունեմ memoir systems-ին, Mentor graphics-ին, Sonics-ին, Instigate-ին: Դա ձեզ մոտ խնդիրներ չի՞ առաջացնում:
Այդ ընկերությունները չէին մտնի Հայաստան, եթե այստեղ մասնագետ չլիներ: Այն փաստը, որ Synopsys-ը պատրաստում է բարձրակարգ մասնագետների մի ողջ շտեմարան, նման ընկերությունների մոտ վստահություն է առաջացնում Հայաստան գալու համար: Իհարկե՝ դա նաեւ այդ ընկերությունների մոտ ստեղծում է մրցակցություն, թե լավ մասնագետներին ո՞վ կվերցնի աշխատանքի: Բայց դա նաեւ բացատրվում է այդ ոլորտի մասնագետների բարձր պահանջվածությամբ, լրացուցիչ հետաքրքրություն է ստեղծում կիբեռնետիկա մասնագիտության նկատմամբ: Շատ մարդիկ են հիմա ցանկանում մտնել այդ ոլորտ, ու դա բոլորի համար էլ լավ է, ուժեղացնում է ոլորտն ու երկիրը:
Բայց եթե դուք գումար եք ծախսում մասնագետին պատրաստելու համար, իսկ այլ ընկերություն վերցնում է մասնագետին ձեզանից, միթե դա ձեզ համար խնդիր չէ:
Իհարկե՝ այո:
Դուք փոխհատուցում պահանջելու ե՞ք այդ ընկերություններից;
Ես չեմ կարող ստիպել այդ ընկերությանը՝ ներդրում անել կրթական համակարգում: Բայց անկախ ամեն ինչից՝ Synopsys-ը շարունակելու է իր ներդրումները երիտասարդ կադրեր պատրաստելու ուղղությամբ: Դա կարեւոր է ողջ Հայաստանի համար, բայց նաեւ՝ մեր ընկերության համար:
Բայց գուցե պայմանագրերը փոխե՞ք, որպեսզի երիտասարդները որոշակի պարտավորություն ունենան ձեր կրթական ծրագրերն ավարտելուց հետո:
Մենք Սիլիկոնային հովտի ընկերություն ենք, աշխատում ենք այդ միջավայրի արժեքներով: Մեր սկզբունքն է՝ մարդ պետք է աշխատի իր կամքով: Դա մեր խնդիրն է՝ դարձնել մեր աշխատատեղն այնքան ցանկալի, որ աշխատողը չցանկանա հեռանալ: Ու դա միայն գումարին չի վերաբերում՝ աշխատակիցը պետք է զգա իր աշխատանքի արդյունքները, պետք է զգա, որ աշխատում է մի ընկերությունում, որը ներդրումներ է կատարում իր երկրում:
Որքա՞ն գումար եք ծախսում կրթական ծրագրերի համար:
Կոնկրետ թիվ չեմ կարող ասել, սակայն բավական նշանակալից ներդրում ենք անում: Մենք ամեն տարի պատրաստում ենք մոտ 100 ինժեներ:
Քանի՞ աշխատող է հեռացել Synopsys-ից:
Ես իրավունք չունեմ հայտարարել այդ թիվը, սակայն նշանակալից թիվ չի կազմում:
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը