News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գաֆէսճեան արվեստի կենտրոնում հոկտեմբերի 12-ին տեղի կունենա «Դագ Արգյու. գեղանկարներ հավերով» ցուցադրության բացումը:

Ցուցադրությունը ներկայացնում է ժամանակակից ամերիկացի արվեստագետ Դագ Արգյուի չորս մոնումենտալ ստեղծագործությունները, այդ թվում նրա հայտնի «Անանուն» հավերով գեղանկարը:

Դագ Արգյուն իր կտավների երկչափ հարթության սահմաններում ձգտում է պատկերել անսահմանությունը՝ ստեղծելով մեծադիր կտավներ, որոնցում սովորական օբյեկտները ներկայանում են մոնումենտալ եւ վերաիմաստավորված կերպերով՝ արտահայտելով ժամանակակից սոցիումի բազմաշերտ իրականությունը:

Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուին պատկանող «Անանուն» հավերով գեղանկարը եւ երեք հավերի դիմանկարները ներկայացնում են Դագ Արգյուի ստեղծագործական կարեւորագույն շարքերից մեկը: Բծախնդրորեն պատկերված  անհեթեթ կեցվածքներով կենդանիները իրենց գերիշխող ներկայությամբ ներքաշում են դիտողին ստեղծագործությունների լայնիմաստ ենթատեքստի մեջ:

«Մինչ Հայաստան ժամանելը, «Անանուն» հավերով գեղանկարը հանրային բուռն քննարկումների էր արժանացել Ուայզմեն արվեստի թանգարանում, երբ Ջերարդ Գաֆէսճեանը 1995 թվականին այն ցուցադրության էր հանձնել Մինեսոտայի համալսարանին: Համոզված ենք, որ Դագ Արգյուի աշխատանքները հայ հանրության համար ժամանակակից ամերիկյան արվեստի նոր միտումներ կբացահայտեն», - նշեց Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:

Դագ Արգյուն ծնվել է 1962 թվականին Մինեսոտա նահանգի Սենթ Փոլ քաղաքում: Նրա աշխատանքներն ընդգրկված են բազմաթիվ հանրային հավաքածուներում, այդ թվում Ուոքեր արվեստի կենտրոնում, Մինեսոտայի Ամերիկյան արվեստի թանգարանում, Մինեապոլիսի արվեստի ինստիտուտում, ինչպես նաեւ Ֆրեդերիկ Ուայզմեն արվեստի հիմնադրամում: 2009 թվականին Լոնդոնի ստեղծագործական մրցույթում Արգյուն ճանաչվել է տարվա արվեստագետ: Նա արժանացել է այնպիսի պատվավոր մրցանակների, ինչպիսին են Հռոմի մրցանակը, արվեստի ազգային անվանական կրթաթոշակը, Բուշ եւ Փոլոք-Կրասներ հիմնադրամների դրամաշնորհները: Դագ Արգյուն ներկայումս ապրում է Նյու Յորքում:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարեկան այցելությունների թիվը գերազանցում է 1,000,000:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ