News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Զորի Բալայանը պատահական ոչինչ չի անում, եթե հետեւենք իր ամբողջ գործունեությունը՝ սկսած ԽՍՀՄ-ից, կտեսնեք, որ այդպես է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ն Ռուսաստանի կազմում տեսնելու մասին Զորի Բալայանի Պուտինին ուղղված աղմկահարույց նամակին:

Կարեն Քոչարյանը շեշտեց, որ եթե հաշվի առնենք, որ արդեն մեկ օր հետո Զորի Բալայանին միացավ նաեւ Ռազմիկ Դավոյանը, Աշոտ Աղաբաբյանը (նրանք հարցազրույցներում դրական էին արտահայտվել Զորի Բալայանի տեսակետին), «սկսեցին այդ միտքն անընդհատ առաջ տանել, ապա ես կասեմ, որ իհարկե դա պատահական չէ»:

Քաղտեխնոլոգը չի կարծում, թե այդ նամակը ինչ-որ բանից շեղելու նպատակ է հետապնդում: «Յանի ի՞նչ է կատարվում, որ ինչ էլ շեղեն: Միտի՞նգ են անում, ընդդիմությունը էնքան ուժեղ է, որ հեսա կտանի՞, ինչի՞ց պետք է շեղել, «Փակ շուկայի՞ց» են շեղում, շեղելը հիմարություն եմ համարում»,-ասաց նա:

Քոչարյանը չի էլ կարող ասել, թե որտեղից է ուղղորդված այս նամակը՝ նախագահականից, թե վարչապետականից, թե Ռուսաստանի նախագահականից: «Դա ժամանակը ցույց կտա, բայց որ դա արդեն պատահական չէ, երեւաց մեկ օր հետո, կարծում եմ էլի մարդիկ կմիանան: Դա ինֆորամացիայի արտահոսք է, որով փորձում են շոշափել հանրության տրամադրությունները, ինչու չէ նաեւ, որպեսզի չլինի նաեւ Մաքսային միության էֆեկտը, երբ այդ օրն են իմանում, կամաց-կամաց ինֆորմացիան տալիս են, որ եթե ինչ-որ բան լինի, չստացվի էլի «վայ ոնց էս մի օրում սենց բան եղավ»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Հարցին, թե հնարավոր է շոշափելի քայլեր տեսնենք Ղարաբաղը ՌԴ-ի կազմում լինելու առնչությամբ, նա նշեց, որ արդեն ոչնչից չի զարմանում: «Եթե այդպիսի բան արվի, հենց այնպես չի արվի, Ղարաբաղում կարվի հանրաքվե, այդտեղի ժողովրդի կարծիքը կհարցնեն, դա Մաքսային միության նման չի լինի»,-ասաց նա:

Զորի Բալայանի նամակը նա մինչեւ վերջ չի կարդացել, հատված-հատված ընթերցել է եւ հասկացել բովանդակությունը: «Ես ո՞վ եմ, որ գնահատականներ տամ Զորի Բալայանին նամակներին, հատկապես՝  Պուտինին ուղղված: Շատ լուրջ եմ ասում: Ես չեմ բացառում, որ Պուտինը կպատասխանի նրա նամակին»,- ասաց նա՝ հավելելով, որ նամակը սերժ Սարգյանին չի ուղղված, որ վերջինս արձագանքի դրան:

Կարեն Քոչարյանը չի սիրում «նոստրադամուսություններ անել», բայց պրագմատիկ դաշտը իրեն հուշում է սպասել զարգացումներին:

Հիշեցնենք, որ Զորի Բալայանը բաց նամակ է գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ, ըստ էության, մի շարք փաստարկներ է բերել, ըստ որոնց` Ղարաբաղը պատկանում է Ռուսաստանին՝ Գյուլիստանի պայմանագրով: Զորի Բալայանը Պուտինին, ըստ էության, կոչ է անում այցելել Ղարաբաղ եւ վերջապես այն ճանաչել որպես Ռուսաստանի մաս:

Տպել
Ամենաշատ