News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հայտարարությունն իրենից իրական ոչինչ չի ներկայացնում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի  տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությանը:

Նրա համոզմամբ՝ սա թուրքական կողմի վարած խաղի հերթական մասն է: «Խաղը հետեւյալն է՝ «մենք ցանկանում ենք բացել հայ-թուրքական սահմանը, իսկ Ադրբեջանը դեմ է, ուստի սահմանը չի բացվում»: Այնպես որ այստեղ ոչ մի նորություն չկա, իսկ Դավութօղլուն կրկնել է այն, ինչ միշտ ասում էր«,- ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:Այն հարցին, թե ինչու հենց այժմ կատարվեց հայտարարությունը, նա նշել է, որ դա կապված է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցությունների վերսկսման եւ Հայոց ցեղասպանության 100 - ամյակի մոտեցման հետ: Երկաթուղու բացման հավանականության վերաբերյալ թուրքագետը կարծիք է հայտնել, որ դա նույնպես  հնարավոր չէ, քանի որ չկան իրական նախադրյալներ: «Չկա ապացույց, որ իրենք պատրաստ են նման քայլի:  Սակայն թուրքական կողմը կփորձի նման հայտարարություններով միավորներ վաստակել», - եզրափակել է Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն բարձրացրեց հայ - թուրքական սահմանի բացման հարցը: Նա, մասնավորապես, հաստատեց, որ թուրքական կողմը շարունակում է աշխատել սահմանի բացման ուղղությամբ: «Այո, այդ աշխատանքները տարվում են: Եթե մենք կարողանանք համոզել Ադրբեջանին, ապա կարող ենք անակնկալ մատուցել: Մեր պահանջն այն է, որ հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղից: Եթե Ղարաբաղի հարցում որոշ զարգացումներ լինեն, կբացվի ինչպես սահմանը, այնպես էլ երկաթուղին», - ասել է Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ