News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն փորձում է կրկին ակտուալ դարձնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը՝ անդրադառնալով Դավութօղլուի հայտարարությանը՝ թե հայ-թուրքական սահմանի բացման համար սահմանին աշխատանքներ են իրականացվում:

Նրա խոսքով՝ Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը ոչ մի կապ չի ունեցել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության բանացությունների վերսկսման հետ: «Դա ուղղված է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ակտիվացմանը»,-ընդգծեց թուրքագետը:

Հարցին, թե ինչո՞ւ է նման հայտարարություն արվել հենց հիմա, նա պատասխանեց, որ մոտենում է 2015 թվականը, ողջ աշխարհով մեկ Հայոց ցեղասպանության 100—րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են սկսվում, եւ Դավութօղլուն փորձում է հակազդել այդ միջոցառումներին՝ կրկին իմիտացիոն քայլեր ձեռնարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակներում: «Այսինքն, նա կրկին փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտմանն ուղղված միջոցառումներից: Այդ ամենը կապված է միայն Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ»,-ասաց Իսպիրյանը:

Փաստացի, ըստ թուրքագետի, Դավութօղլուն ոչ մի նոր բան չի ասել, քանի որ բանակցությունների եւ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ընթացքում նույնպես նշվել է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի, իսկ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո դա մոռացվեց:

Անդրադառնալով ադրբեջանական գործոնին, Անդրանիկ Իսպիրյանը կարծիք հայտնեց, որ Թուրքիան կփորձի Ադրբեջանին համոզել գնալ որոշակի զիջումների: «Ինչպես ցույց է տալիս փորձը, ադրբեջանական կողմը կարողացել է ձախողել հաշտեցման գործընթացը, եւ տվյալ դեպքում, Թուրքիան կփորձի ստանալ Ադրբեջանի համաձայնությունը՝ որոշակի խոստումների դիմաց: Չեմ կարծում, որ անձամբ Դավութօղլուն հավատում է սահմանների բացմանը, այդ ամենն ավելի շուտ կրում է իմիտացիոն բնույթ եւ PR հայտարարություն էր»,-ընդգծեց Իսպիրյանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն բարձրացրեց հայ - թուրքական սահմանի բացման հարցը: Նա, մասնավորապես, հաստատեց, որ թուրքական կողմը շարունակում է աշխատել սահմանի բացման ուղղությամբ: «Այո, այդ աշխատանքները տարվում են: Եթե մենք կարողանանք համոզել Ադրբեջանին, ապա կարող ենք անակնկալ մատուցել: Մեր պահանջն այն է, որ հայկական զորքերը դուրս բերվեն Ղարաբաղից: Եթե Ղարաբաղի հարցում որոշ զարգացումներ լինեն, կբացվի ինչպես սահմանը, այնպես էլ երկաթուղին», - ասել է Դավութօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ