Բագրատունյաց 8 հասցեում կառուցվող վերգետնյա անցումը, չնայած լրատվամիջոցների ահազանգերին, շարունակվում է կառուցվել եւ 20 օրից կավարտվի։ Բնակիչների ահազանգով NEWS.am-ի թղթակիցը կրկին այցելեց նշված հասցե (ֆոտոռեպորտաժ)։
Պատկերն իսկապես աղետալի էր։ Կամուրջի աստիճանները հաշված սանտիմետրեր են հեռու երկրորդ հարկի բաց պատշգամբներից։ Սա լուրջ սպառնալիք է բնակիչների անվտանգությանը։
«Լուսավորությունը փակվում ա, առաջին։ Երկրորդն էլ, սա գողի բուն ա։ Ես մենակ եմ ապրում։ Ես չեմ կարա էս տան մեջ ապրեմ։ Ես տուն եմ առել, որտե՞ղ ապրեմ, եթե վախից իմ տան մեջ չապրեմ։ Վախենում եմ, ո՞նց ապրեմ, գիշերը ո՞նց լուսացնեմ»,- ասաց բնակչուհի Հասմիկ Արսենյանը, որը վերջերս է գնել իր բնակարանը եւ հիմա վերանորոգում է։ Առավոտյան ուրախ-զվարթ եկել է տան վերանորոգման ընթացքին հետեւելու, բայց երբ պատշգամբ է դուրս եկել, տեսածից այնպես է վատացել, որ շտապօգնություն են կանչել։
Անվտանգության խնդրից բացի բնակիչներին անհանգստացնում է այն, որ իրենց տան անցուդարձը փաստորեն հայտնվելու է համընդհանուր ուշադրության կենտրոնում։
«Փաստորեն մեր տունը հեռուստացույց ա դառնում, անցնող գալացողը մի հատ էլ գլուխը երկարացնի, նայի։ Ո՞նց կլինի ստեղ ապրել»,- վրդովվեց տիկին Հասմիկը։ Եթե տիկին Հասմիկի խոհանոցն է հայտնվելու անցորդների դիտակետում, ապա նրա հարեւան Աննա Վարդանյանի վիճակն ավելի բարդ է, աստիճաններն անցնում են ուղիղ նրա ննջասենյակի առջեւով։ Դիմացի շենքի բնակչուհի Մարիամ Հովհաննիսյանն էլ ասաց, որ այդ կողմում իրենց հյուրասենյակի միակ պատուհանն է, ու եթե անցորդների հայացքներից խուսափելու համար հաստ վարագույրներով ամբողջ օրը փակեն այն, փաստորեն զրկվելու են բնական լույսից։ «Տարոն Մարգարյանը որոշել է ավելի բարեկարգ Երեւան կառուցել գողերի համար։ Քաղաքապետը երեւի շատ կուրախանար, եթե իր կնոջն ամեն անցնող խալաթով տեսներ»,- վրդովված ասաց բնակչուհին։
Նորակառույց կամրջի պատճառով փակվելու է աստիճանների տակ գտնվող միրգ-բանջարեղենի խանութը. «Գովազդին փող ենք տալիս, եթե պիտի տեսանելիությունը փակվի, զրկվենք էս գովազդից, ինչներիս է պետք»,- ասաց խանութի սեփականատերը։
Նշենք, որ այսօր շինհրապարակ էր եկել մի տղամարդ, որը ներկայացավ որպես շինարարության բրիգադիր, բայց հրաժարվեց իր անունն ասել։ Բանվորները NEWS.am-ի թղթակցին ասացին, որ այդ մարդուն իրենք առաջին անգամ եմ տեսնում։
«Բրիգադիրն» ու «բանվորները» կատակում էին, թե՝ ինչ վատ է, «բնակիչները էլ շենքի շուրջը չեն պտտվի, էստեղից իրար բան կփոխանցեն, կամ տուն կմտնեն»։
Բագրատունյաց 8-ի բնակչուհի Մարիամ Հովհաննիսյանն ասաց, որ իրենք դիմել են քաղաքապետարան, որտեղից պատասխանել են, որ կամուրջը համապատասխանում է նորմերին, իսկ գործող նորմերում չկա դրույթ, որով սահմանվում է շենքի եւ կամուրջի միջեւ նվազագույն հեռավորությունը։ Սա նշանակում է, որ կամուրջը ցանկության դեպքում քաղաքապետարանը կարող է կառուցել ոչ թե շենքից 50 սմ հեռավորության վրա, այլ հենց բնակիչների պատշգամբի միջից։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











