Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Հունանյանը այժմ հանգստանում է, աշխատանքի առաջարկներ չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ իր աղջկա մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալի վթարի մասին լուրերին:
Պարոն Հունանյան, ի՞նչ վթար է գրանցվել ձեր աղջկա մասնակցությամբ, ասում են՝ նա դուրս է եկել ավտոմեքենայից եւ հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել հավաքվածների հասցեին:
Ամբողջությամբ կեղծ բան է, իրականությանը չի համապատասխանում: Երեխա է, գնացել է եկեղեցի ժամը 20.00-ին մոմ վառելու իր անձնական օգտագործման մեքենայով, դուրս է եկել երկրորդական փողոցից, որ մտնի բանուկ փողոց, ճանապարհին մի փոքր խփել է ինչ-որ մեկ ուրիշ մեքենայի, էնքան փոքր, որ խոշորացույցով անգամ նշմարելի չէ երկու մեքենաների հպումը: Կանգնել են, ԱՊՊԱ-ին են սպասել, ինքը աղջիկ երեխա է, նրա դեմի մեքենայում տղաներ են եղել, սկսել են էս երեխու հետ ոչ վայել վարվել: Սպասել են, որ ԱՊՊԱ-նն, ոստիկանությունը պետք է գար, այդ ընթացքում երեւի նրանք մի քանի բառ կոպիտ են ասել, ամբողջ պատմությունը դա է, ուրիշ ոչինչ չկա:
Փաստորեն այդ տղանե՞րն են իրենց անպատկառ պահել:
Շատ վատ են պահել եւ անպայման պետք է պատասխան տան:
Իսկ ովքե՞ր էին, կարո՞ղ է ինչ-որ պաշտոնյայի որդիներ են:
Ինչ-որ տաքսի ծառայություն ունեն, թե ինչ ունեն, երեկ փորձել եմ ճշտել, հիմա ճշտումներ եմ անում, տեսնեմ որը որից հետո է, եւ խնդրել եմ, որ մերոնք անպայման հետաքննություն կատարեն: Բառիս բուն իմաստով էդ երեխեն որեւէ բանի հետ կապ չունի: Փաստորեն հիմա դուրս է գալիս, որ ով ինչ ուզենա, կարող է գրել, ուղղակի ապշելու բան է, ես չգիտեմ ինչ պիտի անեմ, բռնեմ դատի տամ, որը ինձ վայել չի, բայց ինձ վարկաբեկում են չէ՞:
Հնարավոր է, որ երբ դիմացի մեքենայի տղաները իրենց վատ են պահել,. Աստղիկն էլ նրանց պատասխանել է:
Ես ներկա չեմ գտնվել, երեխայի ասելով՝ ինքը որեւէ բանի չի միջամտել:
Իսկ ձեր դուստրը տուժե՞լ է,նրա մեքենան վնասվե՞լ:
Ոչ, ոչ իրենն է վնասվել, ոչ էլ նրանցը: Այսօր արդեն աշխատանքի է, նույնիսկ հետքը չի նշմարվում, ընդամենը քսվել է, այդքան մի բան: Ոչ արագություն է եղել, ոչ չիգիտեմ ինչ է եղել, ոչ էս է եղել, ոչ էն է եղե;: Մեր հատուկ ծառայությունը քննություն է կատարում, կպարզի՝ինչ է եղել:
Պարոն Հունանյան, իսկ չե՞ք կարոտում ձեր նախկին աշխատանքը:
Որ կարոտեմ, ինչ անեմ:
Չե՞ք ցանկանում աշխատել:
Բնականաբար, ցանկանում եմ, տեսնեմ՝ արժանավայել տեղ եթե լինի, անպայման:
Առաջարկներ չկա՞ն:
Չէ, չէ:
Եկեք լրագրության դաշտում աշխատեք:
Իմիջայլոց, մտածում եմ, անպայման պետք է հուշեր գրեմ: Գրելու շատ-շատ բաներ կան:
Նորից կվերադառնա՞ք ոստիկանական համակարգ:
Չէ, բնականաբար ոչ:
Իսկ ո՞ր ոլորտում եք ձեզ պատկերացնում, գուցե բիզնեսո՞վ զբաղվեք:
Բիզնեսում չեմ կարող հաջողակ լինել, որովհետեւ դա ինձնից դուրս է:
Ինչու չեմ կարող, որովհետեւ 40 տարի քրեական հետախուզությունում աշխատող մարդը բիզնեսում չի կարող աշխատել:
Իսկ որտե՞ղ պետք է աշխատեք, ուժային կառույցներո՞ւմ:
Մտածում եմ, չգիտեմ, դեռ չեմ կողմնորոշվում:
Նշենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ Երեւանի Մոսկովյան 23 շենքի դիմաց նոյեմբերի 12-ին, ժամը 20:00-ի սահմաններում, բախվել են Երեւանի բնակիչ 29-ամյա Էդգար Պողոսյանի վարած BYD մակնիշի 34 DL 926 համարանիշի եւ Nissan մակնիշի 91 AՏ 009 համարանիշի ավտոմեքենաները, հաղորդում է
Վթարից հետո Nissan-ի վարորդը, ով ըստ կայքի տեղեկությունների, եղել է ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հովհաննես Հունանյանի աղջիկը, դուրս է եկել ավտոմեքենայից եւ մոտ 20 րոպե հայհոյանքներ ու սպառնալիքներ տվել հավաքվածների հասցեին: Նա չի ենթարկվել ոստիկանների պահանջներին:
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Սամվել Հովհաննիսյանը: Կին-վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն` պարզելու սթափության աստիճանը, որտեղից էլ նրան տեղափոխելու են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Nissan-ը տեղափոխվել է Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Nissan մեքենան հաշվառված է 35-ամյա Աստղիկ Հովհաննեսի Հունանյանի անվամբ:
Զրուցեց՝ Ինգա Մարտինյանը



























