News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության անդամները, որոնց միացել են ազատամարտիկները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» միության անդամները, խորհրդարանից երթով եւ «ամոթ» վանկարկումներով հասան ՀՀԿ կենտրոնական գրասենյակ, որտեղ պահանջում էին իշխող կուսակցությանը չբոյկոտել ԱԺ արտահերթ նիստը:

Քաղաքացիներից մեկը` Տիգրան Մարտիրոսյանն ասաց, որ իրենք պահանջում են, որ «Կուտակային կենսաթոշակի մասին» ՀՀ օրենքից հանվի բաղադրիչը բնութագրող «պարտադիր» բառը:

Երթի մասնակիցներն ասել են, որ չեն հեռանալու, կսպասեն մինչև ժամը 15։00-ն, ու եթե ոչինչ չփոխվի, կդիմեն այլ միջոցների:

Ժամը 14։00-ի մոտ ցույցին մասնակցող ճարտարագետ Տիգրան Պետրոսյանը, որը ՀՀԿ գրասենյակ էր մտել՝ ներկայացնելու իրենց 25 կետից բաղկացած պահանջը, դուրս եկավ եւ տեղեկացրեց, որ ՀՀԿ ներկայացուցիչները խոստացել են պարզաբանում հրապարակել, թե ինչու չեն մասնակցել ԱԺ արտահերթ նիստին։

Նախաձեռնության անդամներն ավարտել են ակցիան։

Ակցիայի մասնակիցներն ամբողջ երթի ընթացքում դժգոհում էին նրանից, որ «Նիկոլ Աղբալյան» միության երիտասարդները փորձում են իրենց ձեռքը վերցնել ակցիայի ղեկը։ Նախաձեռնության անդամներն անընդհատ ընդգծում էին, որ սա ինքնաբուխ ակցիա է, այստեղ կազմակերպիչ չկա։

Մինչեւ ՀՀԿ գրասենյակ հասնելը երթի մասնակիցները կանգ են առել կառավարության շենքի մոտ, ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իր մասնակցությունը երթին այդտեղ ավարտվում է, քանի որ իրենք Հանրապետականից պահանջելու բան չունեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին խորհրդարանի առջեւ հավաքված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարներին» նախաձեռնության անդամները, տեղեկանալով, որ ՀՀԿ խմբակցությունը բոյկոտել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և ընդդիմադիր երեք խմբակցությունների պատգամավորների ստորագրություններով հրավիրված արտահերթ նիստը՝ համակարգի ներդրման հետաձգումը քննարկելու համար, ընդդիմադիր պատգամավորների հորդորով բողոքի երթ էին սկսել։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ