News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չի բացառվում, որ հաջորդ շաբաթ ստորագրահավաք կազմակերպվի, ՀՀ Ազգային ժողովի նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ՝ կապված կուտակային կեսաթոշակային համակարգին անցում կատարելը հետաձգելու հետ: Այս մասին նոյեմբերի 15-ին լրագրողներին հայտնել է ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ արտահերթ նիստի տապալման կապակցությամբ չորս խորհրդարանական խմբակցությունների ժողովի արդյունքներն ամփոփելով: 

Ըստ Զոհրաբյանի՝ կուտակային կեսաթոշակային համակարգի ներդրման հարցը շատերին է վերաբերում, եւ զարմանալի չէ, որ հասարակությունն անհանգստացած է: Հենց դրանից ելնելով էլ  պատգամավորը չի բացառել, որ ստորագրահավաք կկազմակերպվի՝ նոր արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ:  «Այդ համակարգը ներդնելը երիտասարդության, երիտասարդ մասնագետների արտագաղթի ուղիղ ճանապարհն է: Մինչդեռ, վարչապետը այդ համակարգը հանճարեղ է համարում»:

ՀԱԿ  խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նշել է, որ չորս խորհրդարանական խմբակցությունների ստորագրած հայտարարությամբ իրենք միանում են  բողոքի ցույցերին, որոնք «Facebook» սոցցանցում կազմակերպել է նախաձեռնող խումբը: «Մենք վճռել ենք աջակցել այդ նախաձեռնող խմբին, որը հայտարարում է տվյալ համակարգի ոչ սահմանադրական լինելու մասին: Մենք վճռել ենք այդ համակարգի ներդրման դեմ մի շարք միջոցառումներ անցկացնել»:

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը նշել է, որ հայտարարության մեջ ընդգծվում է խորհրդարանական մեծամասնության պահվածքից դժգոհությունը, որն էլ ոտնահարում է խորհրդարանական փոքրամասնության իրավունքները: «Նրանք ոչ միայն ցինիզմ են դրսեւորել, այլեւ վախենում են այդ թեմայով քննարկումներից, քանի որ հասարակությանը հայտնի է դարձել, որ 250 000 քաղաքացի կտուժի այդ համակարգն ընդունելու հետեւանքով»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, որ երեկ խորհրդարանական մեծամասնության խմբակցությունը վստահեցրել էր, որ կմասնակցի արտահերթ նիստին: «Դեռ երեկ ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը եւ մի շարք հանրապետականներ երդվում էին, որ չեն տապալի նիստը եւ այն երկխոսության մթնոլորտում կանցկացնեն: Սակայն այսօր նրանք մեզ փաստի առաջ կանգնեցրին:  Դրանով նրանք ցույց տվեցին իրենց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ:  Դա նաեւ խորհրդարանական մեծամասնության ՝ խորհրդարանի նշանակությունը նվաստացնելու փորձն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ