News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող ՏՏ ոլորտի մասնագետների` դեկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի տակ ստորագրել են «Անելիք» բանկի 68, «Ֆինքա» ՈՒՎԿ-ի 21, ԵՊՀ-ի 91, Գերմանիայի դեսպանատան 24, ԹՈՒՄՈ-ի 71 և Օրանժ Արմենիա-ի 261 աշխատակիցներ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նախաձեռնող խմբի ներկայացուցիչ Լևոն Հարությունյանը։

Ընդհանուր առմամբ, ստորագրահավաքին մասնակցել է Հայաստանում գործող 70 ընկերությունների 2964 աշխատակից և 1230 անհատ:

Ստորագրահավաքին մասնակցած քաղաքացիներն առաջարկում են Սերժ Սարգսյանին՝ դիմել ՀՀ Ազգային ժողովին և արտահերթ նիստ հրավիրել:

«Դիմելով Ձեզ` առաջարկում ենք, որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսվեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը` օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակասություններն ու թերությունները»,- ասվում է նամակում:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքը մեկ տարով հետաձգելու չորս խմբակցությունների (ՀՅԴ, ՀԱԿ, Ժառանգություն, ԲՀԿ) առաջարկը մերժվեց, քանի որ պատգամավորներից 46-ը «կողմ» քվեարկեց, իսկ 54-ը՝ «դեմ»:

Ստորեւ ներկայացնում ենք նախագահին ուղղված նամակն ամբողջությամբ։

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,

Ձեր ուշադրությունն ենք հրավիրում հետևյալ կարևորագույն խնդրի վրա, միևնույն ժամանակ ակնկալելով Ձեր անմիջական աջակցությունը դրա լուծման հարցում:

ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի իրականացմանը և սպասվում է, որ 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով /այսուհետ նաև` “Օրենք”/ամրագրված կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը: Հաշվի առնելով բազմաթիվ պատճառներ և հիմնավորումներ (դեմոգրաֆիկ, ֆինանսական, տնտեսական, իրավական և այլն) և լիովին գիտակցելով կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը՝ այնուհանդերձ վստահ ենք, որ օրենքում կան լուրջ բացթողումներ և թերի հիմնավորումներ, որոնք հարվածի տակ են դնելու հարկերից չխուսափող մեծաթիվ բարեխիղճ և օրինապահ քաղաքացիների: Մասնավորապես, այդ ռիսկային խմբի մեջ են մտնում ՀՀ-ում իրենց ապագան կերտող այնպիսի երիտասարդ մասնագետներ, ինչպիսիք են՝ իրավաբաններ, հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսիստներ, մանկավարժներ, բժիշկներ, ճարտարագետներ, միջուկային էներգետիկայի մասնագետներ և այլոք, որոնք ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում պահանջող և երկրի հեռահար զարգացման համար կենսական անհրաժեշտություն հանդիսացող ոլորտներում՝ իրավաբանական, ֆինանսական, կրթական, առողջապահական, հեռահաղորդակցության, էներգետիկայի, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ճյուղերում:

Մենք տեղյակ ենք  նաև, որ ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո հովանավորվում և քաջալերվում են յուրաքանչյուր ոլորտում մեր հայրենակիցների ունեցած անգնահատելի ներդրումները: Դրա վառ ապացույցն է նաև Ձեր կողմից բազմիցս ընդգծված ՏՏ ոլորտի կարևորությունը ՀՀ տնտեսության զարգացման մեջ, որը հայտարարվել է որպես տնտեսության գերակա ճյուղերից մեկը։ ՏՏ ոլորտի աջակցմանն է ուղղված  Ձեր կողմից այդ ոլորտում սահմանված նախագահական կրթական պարգևները, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ նախագահի կողմից սահմանված ամենամյա մրցանակը, որին այս տարի արժանացավ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուգիո Մակիմոտոն։ Սակայն կարծես թե  ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունն անտեղյակ են Հանրապետության Նախագահի կողմից սատարվող և գերակա նախանշված ոլորտի խթանման կարևորությանը, քանի որ  նույն օրը, երբ պրն. Մակիմոտոն Ձեր կողմից արժանանում էր բարձր պարգևի՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար, խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կոլեկտիվ բացակայությամբ բոյկոտում են այդ նույն ՏՏ ոլորտի և բազմաթիվ այլ ոլորտների հազարավոր աշխատողների համատարած բողոքը հարուցած օրենքի քննարկման համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստը։ Իսկ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն մերժում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի ցանկացած հանրային քննարկում կամ երկխոսություն շահագրգիռ շրջանակների հետ, մասնավորապես վերոհիշյալ ոլորտների ավելի քան 55 տարբեր   ընկերությունների հազարավոր աշխատակիցների՝ ՀՀ վարչապետին ուղղված դիմում-բողոքից հետո։

Որպես օրենքի հիմնավորում շեշտվում է, որ կենսաթոշակային բարեփոխումները անհրաժեշտ են, այլընտրանք չունեն, ցանկացած բարեփոխում դժվարությամբ է կյանքի կոչվում և այն որոշակի սոցիալական բեռ է ենթադրում ապահով ապագա ունենալու համար: Սակայն ինչու՞ է ենթադրվում, որ եթե բարեփոխումն անհրաժեշտ է, ապա համապատասխան օրենքի բոլոր կետերը անթերի են և չեն պարունակում ոչ բավարար գնահատականներ և ռիսկերի սխալ գնահատում:

Անգամ պինոչետյան Չիլիում համակարգը ներդրվել է որպես կամավոր և ոչ պարտադիր` այդ պահին աշխատաշուկայում ներգրավված աշխատող քաղաքացիների համար: Բերվում է նաև Էստոնիայի օրինակը, սակայն անտեսվում կամ թաքցվում է, որ Էստոնիայում պետությունը մի քանի տարի ի վիճակի չի եղել կատարելու իր պարտավորություններն ընդհանրապես, իսկ կենսաթոշակային կուտակային համակարգին մասնակցության տոկոսային հարաբերությունը հետևյալն էր՝ 2% քաղաքացի – 4% պետություն և բացի այդ օրենքն ընդունվելով 2002թ. պարտադիր է եղել միայն 1983թ-ից հետո ծնվածների համար՝ այսպիսով, նույնպես բացառելով օրենքի հետադարձ ուժի կիրառումը աշխատաշուկայում այդ պահին արդեն ներգրավված աշխատող քաղաքացիների նկատմամբ և, հետևաբար` սոցիալական լարվածության ստեղծումը: Նույն պատճառով Մակեդոնիայում օրենքն ուժի մեջ մտնելով 2006թ-ից՝ պարտադիր է եղել միայն 2003թ.-ից հետո աշխատանքի ընդունված անձանց համար: Համացանցում ամենապարզ փնտրումն իսկ ի հայտ կհանի այս համակարգի թերություններն ու ռիսկերը, որոնցից խուսափելու կամ նվազարկելու ուղիները բացակայում են Կառավարության կողմից պարտադրվող օրենքում: Տրամաբանական կլիներ որ սահմանված լինեին նաև օրենքի անցումային դրույթներ, որոնք կբացառեին 1974թ-ից հետո ծնված և արդեն աշխատող մարդկանց այս օրենքի պատճառով՝  սոցիալական բեռի ավելացումը (օրինակ` եկամտային հարկի համապատասխան չափով նվազեցում), սակայն անցումային որևէ դրույթ ընդհանրապես նախատեսված չէ։

Վերոգրյալի լույսի ներքո, մեր խորին համոզմամբ, միանգամայն բնական է, որ ստեղծված իրավիճակը օրենքում տեղ գտած մի շարք դրույթների` ՀՀ Սահմանադրությանը հակասելու արդյունքն է հանդիսանում։ Մասնավորապես և հատկապես կուզենայինք Ձեր ուշադրությունը դարձնել այն փաստին, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ  տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին /Օրենքին/ տրվում է հետադարձ ուժ` փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին և այլն:

Բացի այդ, տարիներ առաջ տուն գնած և իր աշխատավարձի մոտ 75%-ը հիփոթեքային և այլ վարկեր մուծող, ինչպես նաև ընտանիքի անգործունակ անդամներին պահող աշխատող քաղաքացին ուղղակի ի վիճակի չէ վճարելու ոչ միայն իր համախառն եկամտի 5%-ից ավելին, այլև այդ 5%-ը, ինչն իրականում կազմում է 6.6% - մինչև 13.5% է, քանի որ հաշվարկվում է համախառն եկամտից և գանձվում զուտ եկամտից՝ հարկումից հետո: Եվ նման օրինակները շատ են, ինչը փաստում է, որ քննարկվող օրենքով սոցիալական բեռի ավելացման ռիսկերը պատշաճ չեն հաշվարկված և որոշ դեպքերում իրականության հետ որևէ աղերս չունեն: Որքանո՞վ է արդարացված՝ բարեկեցիկ ապագայի տեսլականով հարվածի տակ դնել ներկան:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ ՀՀ կառավարությունը ըստ հաստատված ժամանակացույցի անգամ թերացել է ժամանակին կատարել օրենքի կիրառման հետ կապված մի շարք միջոցառումներ.

Ա) Այսպիսով, ֆոնդերի կառավարիչները ըստ քննարկվող օրենքի պետք է լիցենզավորված լինեին դեռ 2013թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ, սակայն նամակը գրելու պահին, երբ ընտրություն կատարելու համար մնացել է մոտ մեկ ամիս ժամանակ, Հայաստանի Հանրապետության տարածքում ընդամենը մեկ կազմակերպություն է օրեր առաջ ստացել համապատասխան լիցենզիա, ինչը հանգեցրել է այն իրավիճակին, որի պայմաններում մարդիկ զրկվել են նույնիսկ կառավարիչների կողմից կառավարվող ֆոնդերի ընտրության հնարավորությունից: Հարկ է նշել, որ նմանատիպ ընտրությունն էլ իր հերթին պահանջում է ընտրողի մոտ որոշակի սպեցիֆիկ ֆինանսական գիտելիքների առկայություն և անհրաժեշտություն կա հանրության լայնածավալ զանգվածային կրթական միջոցառումներ իրականացնելու, որպեսզի մարդիկ հնարավորություն ստանան համապատասխան ընտրություն կատարելու: Ստացվում է, որ ՀՀ Կառավարության կողմից ժամանակին համապատասխան միջոցառումներ չիրականացնելու հետևանքով համապատասխան տեղեկատվություն և գիտելիք չունենալու պատճառով անձը զրկվում է ընտրություն կատարելու իրեն վերապահված նաև այդ իրավունքից, միաժամանակ իր կամքից անկախ խախտելով Օրենքով սահմանված ֆոնդի ընտրության իր պարտավորությունը (Օրենքի 37.1 կետ):

Բ) ՀՀ կառավարության կողմից պատշաճ չի կազմակերպվել և իրականացվել օրենքի վերաբերյալ հանրային պատշաճ քննարկումներ և օբյեկտիվ իրազեկման աշխատանքներ:

Գ) Օրենքում առկա են նաև թերություններ և հակասություններ, որոնց կիրառումը կհանգեցնի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խախտմանը, այս մասին բազմիցս հայտնել ենք ՀՀ կառավարությանը, սակայն ապարդյուն:

Մեծարգո պարոն Նախագահ, հաշվի առնելով վերը նշված փաստարկները, ինչպես նաև խնդրո առարկա համակարգի կիրառման միջազգային փորձը և օբյեկտիվ արդյունքները, համարում ենք, որ այն կուտակային կենսաթոշակի պարտադիր կիրառելու պահանջը մեր երկրում ժամանակավրեպ է և խիստ ռիսկային:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրենքի ընդունման գործընթացում, դուք ևս ունեցել եք մասնակցություն, արդեն իսկ վավերացրել եք այն, ուստի անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ և ստանալ Ձեր անմիջական մասնակցությունն այս հարցում: Հետևաբար, դիմելով Ձեզ առաջարկում ենք արձագանքել մեր կողմից բարձրացված հարցերին և լուծման նպատակով ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին եւ արտահերթ նիստ հրավիրել, առաջարկել որպեսզի համապատասխան մասնագետների և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ սկսեն հանրային լայն քննարկումներ և լրամշակեն օրենքը՝ օրենքից հանելով կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչը և վերացնել օրենքում առկա հակսություններն ու թերությունները:

 Մենք սիրում և ցանկանում ենք շենացնել մեր երկիրն ու պետությունը, որը ոչ թե ժառանգություն ենք ստացել մեր ծնողներից, այլ պարտքով ենք վերցրել մեր երեխաներից:

Խնդրում ենք հետամուտ   լինել այս խնդիրների լուծմանը և կանխել  ՀՀ-ում ապրող և բարեխիղճ հարկեր վճարող քաղաքացիների նկատմամբ կիրառվող սոցիալական անարդարությունը:

Ակնկալում ենք Ձեր դրական պատասխանը` օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով  հետևյալ հասցեին`

«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ, ք: Երևան, Արշակունյաց 41

Հարգանքներով,

Նախաձեռնող խմբի ներկայացուցիչներ՝

Լեւոն Հարությունյան   /     /

Մանե Թանդիլյան    /     /

Դավիթ Խաժակյան    /     /

Տեղեկացնում ենք նաև, որ սույն նամակը կենթարկվի բաց հրապարակման:

Կից ներկայացնում ենք նամակում մատնանշված խնդիրներով մտահոգված, դրանում առաջադրված լուծումներին սատարող Հայաստանի Հանրապետության տարբեր տնտեսական ոլորտներում աշխատող երիտասարդ մասնագետների ցուցակը՝ վերջիններիս _________ ստորագրություններով /_______ Էջ/՝ հետեւյալ կազմակերպություններից՝

ԱԶԷԱ ՍՊԸ 8

ԱԹԹԵՍՔ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ 33

ԱԼՏԱԿՈԴ 46

ԱՅ-ԱՅ-ՋԻ ՍՊԸ 8

ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿ 68

ԱՌՎԵՍՏ ՔՈՄՈՒՆԻՔԵՅՇՆՍ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ 5

ԱՎԱՏԱ ՍՈՖԹ ՍՊԸ 6

ԱՐԴԻՆՆՈՏԵԽ 25

ԱՐՄԵՆԻԱՆ ԴԱՏԱՔՈՄ ՔԱՄՓՆԻ 23

ԲԻ2 ՍՊԸ 31

ԳԱԼԼԱՐԻ ՍԻՍԹԵՄՍ 11

ԳԱՐՄՈՆԱՏՐԻՔՍ ԻՆԿ 9

ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ 24

ԳԼԱՔՈՐ ՍՄԻԹ ԲԼԱՅՆ 8

ԵՊՀ 91

ԵՐԵՎԱՆ  ՓՐՈԴԱՔՇՆ Ս 27

ԵՐՄՄԳՀԻ ՓԲԸ 101

ԷԳՍ 12

ԷԼԹԻԷՔՍ ՔՐԻԴԵՆՍ ԱՐՄԵՆԻԱ 38

ԷՍԵՆՇԼ ՍԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 13

ԷՍԵՆՇԼ ՍՈԼՅՈՒՇՆՍ ՍՊԸ 17

ԷՍ-ԷՖ-ԷԼ 49

ԷՍ-ՍԻ-ԴԻ-ԷՄ 52

ԷՓԻՋԻ ԼԷԲՍ ԷՅ-ԷՄ 27

ԹԵԼԻԳԵՅԹ 10

ԹԵՈԿԵՆ 25

ԹՈՒՄՈ 71

Ի.ԱՐ.ԷՍ.ԷՅ.ԷՄ 16

ԻՆՆՈՎԱ ԱՅԷՄ ՍՊԸ 10

ԻՔՍ-ԱՐՏ ՍՊԸ 25

ԼՈՒԳԵՐԱ ԵՒ ՄԱԿԼԵՐ ՍՊԸ 5

ՀԱԷԿ 360

ՄԱԿԱԴԱՄԻԱՆ ԱՌ 51

ՄԱՆԱՆԱ ԳՐԵՅՆ ՍՊԸ 2

ՄԱՐԳԱՍՈՖԹ 23

ՄԵՄՈՒԱՐ ՍՒՍԹԵՄԶ 6

ՄԵՆԹՈՐ ԳՐԱՖԻԿՍ 101

ՄՈՆԻՏԻՍ ՋԻ-ԷՖ-ԱՅ 35

ՆԱԻՐԻ ՍՈՖԹ ԻՆՔ 21

ՈՒՐԱՆԻԴԱ 10

ՌՈՒՏԵԼ ՍՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ Մ/Ճ 10

ՍԱՈՒԹԹԵՔ ՔԸՆՍԱԼԹԻՆԳ ԻՆԿ 24

ՍԻՆԵՐՋԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ՍԻՍԹԵՄԶ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 116

ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 487

ՍԻ-ՔՅՈՒ-ՋԻ 30

ՍԻՍՏՐՈՏԵԽ 22

ՍՈՆԻՔՍ ԱՐՄԵՆԻԱ ՀՈԼԴԻՆԳՍ 13

ՍՈՐՍԻՈ 31

ՎԵԲԲ ՖՈՆՏԵՆ ՀՈԼԴԻՆԳ 20

ՎԻԷՄՈՒԵՐ ԻՍԹԵՐՆ ՅՈՒՐՈՓ 51

ՎՕԼՕ ՍՊԸ 20

ՔՅՈՒԲԻՔ 5

ՔՈՒԵՍԹՐԵՅԴ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ԻՆԿ. 34

ՔՈՒԼԵՅՍԻՍ 5

ՕԳՄԱ ԱՓԼԻՔԵՅՇՆՍ 25

ՕԶ ՍՈՖԹ 15

ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱ ՓԲԸ 261

ՕՓԵՆ ՍՈՖԹ ՔՈՆՍԱԼԹ 54

ՖԱՅԴԵՔ ԱՐՄԵՆԻԱ ՀԻՄՆԱԴՐԱՄ 2

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ 21

ՖԻՐՄՓԼԵՅՍ 21

ԱՅԼ ԱՆՁԻՔ 1230

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ