Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, ֆիլմի նկարահանման համար մեկնող անձնակազմից Արամ Փիլոսյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այս մասին NEWS.am թղթակցին ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արմեն Մուրադյանը։ Նա նշեց, որ Արամ Փիլոսյանը գտնվում է կոմայի մեջ, միացված է արհեստական շնչառության ապարատին: «Նրա վիճակը անկայուն է, ծայրահգեղ ծանր»,- ասաց բաժանմունքի վարիչը:

Հիշեցնենք, որ Երեւան-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Երասխավանի վարչական տարածքում, դեկտեմբերի 6-ին, ժամը 9.00-ի սահմաններում, վթարի են ենթարկվել ֆիլմի նկարահանման համար մեկնող դերասանները: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության Արարատի բաժնից հայտնել էին, որ սահմանային դրվագ նկարահանելու նպատակով դերասանների խմբի՝ տաքսի ծառայության մեքենաներով մեկնած մի մեքենան վթարի է ենթարկվել: 34-ամյա Տիգրան Ասոյանի վարած Opel Astra մեքենան բախվել է ճանապարհի շրջանաձեւ հատվածի բետոնե քարերին եւ կողաշրջվել: Վթարի հետեւանքով Տ. Ասոյանը, Վարազդատ Խաչատրյանը, Արկադի Կլեկչյանը, Արամ Փիլոսյանը եւ Ջիվան Նիկոլյանը տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն:

Հիվանդանոցի ճանապարհին Ջիվան Նիկոլյանը մահացել է:  Անձնակազմը նկարահանվում էր «Դիպուկահար» ֆիլմում: