Հայաստանի գրողների միությունում հերթական սկանդալն է հասունանում, մի քանի գրողներ դիմում են գրել ԳՄ-ից դուրս գալու համար: Գրականագետ Հասմիկ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը եւ Արքմենիկ Նիկողոսյանը դիմում են գրել ԳՄ-ից դուրս գալու համար, Գուրգեն Խանջյանն էլ որոշել է սառեցնել անդամակցությունը:

Հասմիկ Հակոբյանն ասաց, որ դիմում գրելու պատճառն այն է, որ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր թեկնածությունն է ներկայացրել գրականության գծով պետական մրցանակին:

«Մի շարք գրողներ պարոն Միլիտոնյանին նախօրոք ասել էին, որ հանի թեկնածությունը, քանի որ ինքը ԳՄ նախագահ է եւ անհավասար մրցակցության պայմաններում է: Բայց ինքը չարեց դա, մենք դիմում ենք գրել, որ դուրս գանք՝ մտածելով, որ գործ չունենք այն ԳՄ-ում, որտեղ նման մթնոլորտ է տիրում, եթե չենք ուզում հավասարվել իրենց, պետք է դուրս գանք»,- ասաց գրականագետը:

Միեւնույն ժամանակ, Հասմիկ Հակոբյանն ասաց, որ Էդվարդ Միլիտոնյանը թեկնածությունը ներկայացնելիս Գրողների միության նախագահ չէր, բայց ընտրության պահին, արդեն նախագահ է եւ անհավասար մրցակցության պայմաններ են ստեղծվել: Այս պայմաններում, նրա խոսքով, բարոյական կլիներ, որ նա հաներ իր թեկնածությունը, քանի որ «դառնալով ՀԳՄ նախագահ՝ իր գրողական ամբիցիաները պետք է զսպված պահի»:

Իսկ թե ով է արժանի գրականության գծով պետական մրցանակին արժանանալուն, գրականագետն ասաց, որ Էդվարդ Միլիտոնյանի գիրքը ամենավատերից չէ, կարելի էր մրցակցության մեջ համարել, եթե նա չլիներ նախագահ: Նա առանձնացրեց Գուրգեն Խանջյանի, Հրաչյա Սարիբեկյան, Շանթ Մկրտչյանի, Ալիս Հովհաննիսյանի գրքերը: