Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանը դեկտեմբերի 10-ի երեկոյան զանգել է հորն ու ասել, որ իրեն այլևս չեն տեսնելու ու անջատել է հեռախոսը: Չինարիում խոսում են, որ հայրն արագ հետ է զանգել, սակայն որդին արդեն մահացած է եղել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Վանիչկայի դասղեկ Լիանա Խաչատրյանը: «Վանիչկան երեկոյան ժամը 6-ին զանգել է մորը, հարցրել` ոնց են, որից հետո խնդրել է, որ լավ լինեն: Դրանից հետո խոսել է հոր հետ ու ասել ինքնասպանության մասին: Արամայիսը հետ է զանգել, բայց արդեն ուշ է եղել. Վանիչկան մահացած էր: Գյուղում բոլորս շոկի մեջ ենք»,- ասաց տիկին Խաչատրյանը։

1994թ. ծնված Վանիչկան դասարանի լավագույն սովորողն է եղել, մասնակցել է օլիմպիադաների նույնիսկ մարզային մակարդակով. «Դասարանում 15 տղա են եղել, բոլորն էլ Վանիչկային ուրիշ ձև են սիրել: Հենց մի բան լինում էր, ասում էին` Վանիչկան մեզ կօգնի, կանենք»,- մեզ հետ զրույցում պատմեց դասղեկը:

Տիկին Խաչատրյանի տպավորվել են Վանիչկայի շարադրությունները. «Ռոմանտիկ երեխա էր, էնպիսի շարադրություններ էր գրում, որ զարմանում էիր. գրում էր մենակության, կարոտի մասին»:

Վանիչկան տան մեծ երեխան էր. քույրն այս տարի ընդունվել է համալսարան, սակայն ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս է մնացել, իսկ եղբայրը դպրոցական է։ Ծնողները զբաղվում են հողագործությամբ:

Երկու տարի առաջ ականի պատճառով ոտքը կորցրած հայրը՝ Արամայիսը շարունակում է աշխատել ու պահել ընտանիքին: Չինարիի բնակիչների NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին, որ բոլորը ցնցված են, չեն հավատում, որ Վանիչկայի նման խելացի ու գրագետ երեխան կարող է այդ քայլին դիմել։ Գյուղում խոսակցություններ կան, որ Վանիչկան ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որի բովանդակությունը ոչ ոք չգիտի։

«Բոլոր տոներին պարտադիր զանգում էր, շնորհավորում ինձ, շատ շնորհքով երեխա էր, բայց վերջին 1 ամսվա ընթացքում չէր զանգել, զարմացել էի, ու հիմա էլ լսում եմ, որ մահացել ա: Չգիտեմ, չեմ հասկանում»,- ասաց տիկին Խաչատրյանը: Վանիչկան վեց ամսից ավարտելու էր ծառայությունը։

Վանիչկայի ծնողները գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ գնացել են Բերդ, որպեսզի բերեն նրա դին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այդ հոդվածով սահմանվում է ինքնասպանության հասցնելը: Գործի շրջանակներում առայժմ ձերբակալվածներ չկան:

Լուսանկարը՝ Վանիչկայի քրոջ ֆեյսբուքյան էջից