Երեւանի Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում նոյեմբերի 11-ին մահացած 1-ամյա Մերի Սարգսյանի ծնողները գործ չեն հարուցել փոքրիկին պատվաստած բժշկուհի Սոնյա Սուրենովնայի դեմ, որին մեղադրում են իրենց երեխայի մահվան մեջ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Մերիի հորաքույրը` Կարինե Սարգսյանը. «Գործ չի հարուցվել, անկեղծ ասած, մենք չէինք էլ ցանկանում գործ հարուցել: Մեր միակ ցանկությունն այն էր, որ այդ կարգի մասնագետը իրավունք չունենա աշխատելու»:

Կարինեի խոսքով` Մերիի ծնողները դեռ ուշքի չեն եկել կատարվածից և ի վիճակի չեն հաղորդում տալու. «Ոստիկանություն պետք է ծնողները դիմեն, իրենք էլ ի վիճակի չեն: Մտածում էինք, որ նախարարությունը և պոլիկլինիկան, լսելով այս դեպքի մասին, քայլեր կձեռնարկեն, բայց ցավոք սրտի երբ սովորական մահկանացուներն են տուժում, դա արդեն իրենց խնդիրը չէ»:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն. Կարինեն ու հարազատներն այդ եզրակացությանը չեն էլ սպասում. «Դե մենք դրա վրա հույս չենք դնում. Առողջապահության նախարարությունը, բժիշկն ու փաստաբանն էնպես են խառնվել իրար և ամեն կերպ իրենց արդարացնում, որ դժվար մեզ անաչառ և ազնիվ պատասխան տան»:

Փոքիկին պատվաստած բժշկուհի Սոնյա Սուրենովնան շարունակում է աշխատել Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում. «Այս պատմությունը շատ մեծ արձագանք ստացավ, և դա արդեն շատ մեծ բիծ է նրա կարիերայի համար: Մեր մոտ շատ ծնողներ արդեն հրաժարվել են այդ պոլիկլինիկա դիմելուց», - նշեց Կարինեն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, նոյեմբերի 11-ին Նորք Մարաշի ինֆեկցիոն հիվանդանոցում պատվաստումից հետո մեկ տարեկան աղջնակ է մահացել: Նրա մահը վրա է հասել պոլիսեգմենտ ցնցումային սինդրոմից: Մահվան փաստով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: