News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին  տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային  նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանականը հասկանալի պատճառներով կամ լռում էր այդ բոլորի մասին, կամ խնամքով անուշադրության մատնում եւ կամ էլ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։

Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե հայաստանյան եւ թե սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։

Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երեւան կապված է նախագահներ Ալիևի եւ Սարգսյանի Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա եթե մի կողմից Բաքվին հանգստացնելու համար էր, մյուս կողմից նաեւ հանրային կարծիքն ապակողմնորոշել էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դավութօղլուն զիջել է այցելելու Երեւան։

Մինչ իր որոշելը Դավութօղլուն արդեն հայտարարել է, որ Երեւան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրե թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը այն էլ եւրոպական ֆինանսավորմամբ։

Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրեւ թե հայկական կողմը համաձայն էր հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դավութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երեւան, այլ նաեւ ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը։

Թվում էր թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երեւանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եւ ահա «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երեւանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դավութօղլուն հայրերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային, խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին ասելով, Դավութօղլուն մշուշի մեջ է թողել, թե ի վերջո ո՞վ է անմարդկայնորեն տեղահանել հայերին։

Անկարա-թուրքական ԶԼՄ-ներ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դավութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դավութօղլուի հետ կայացած խոսակցությանը։  Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից որ գաղթել են իրենց պապերը ։

Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետեւ այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձեւով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությոնը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամբով նախաձեռնում է «մարդասիրական» եւ «խաղաղասիրական» գործողություն. տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։

Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դավութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը, ամփոփենք Դավութօղլուի հայաստանյան եւ սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։ Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը. իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսելու երկխոսություն վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին եւ ունեցվածքին։ Այլոց կատարած անմարդկային տեղեհանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Տպել
Ամենաշատ