News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 12-ին Երեւանում կայացավ ՍԾՏՀ արտգործնախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Երեւան էր ժամանել նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Չնայած նրան, որ Դավութօղլուն ջանում էր այս այցից բեմականացում իրականացնել եւ  ներկայացնել այն որպես հնարավոր առաջընթաց հայ-թուրքական հարաբերություններում, ոչինչ տեղի չունեցավ:

Հայկական կողմի համար պարզ էր, որ սա թուրքական հերթական ներկայացումն է լինելու միջազգային հանրության առջեւ, քանի որ եթե թուրքական կողմը իսկապես պատրաստ լիներ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, Դավութօղլուն կհայտարարեր թե Թուրքիան պատրաստ է վավերացնել ստորագրված արձանագրությունները: Փոխարենը Դավութօղլուն մինչեւ Երեւան ժամանելը կրկին նախապայմաններով է խոսում` հայ-թուրքական հարաբերությունները կապելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, իսկ Երեւանում հրաժարվում նախապայմաններից`  հերքելով շրջանառվող լուրերը այն մասին, թե ո´չ ինքը, ո´չ էլ թուրքական ԱԳՆ Հայաստանի հետ սահմանների բացումը չեն կապել ԼՂՀ վերահսկողության տակ գտնվող երկու շրջաններից հայկական ուժերի դուրս բերման հետ:

Փաստորեն ստացվում է, որ պաշտոնական Անկարան հրաժարվում է իր իսկ կողմից առաջ քաշված նախապայմաններից` հաշվի առնելով այն հանգամանքը,  որ երեք տարի առաջ վարչապետ Էրդողանը նախագահ Սարգսյանին նույն առաջարկն էր ներկայացրել, եւ վերոհիշյալ առաջարկը մերժվել էր Սարգսյանի կողմից:

Թուրքական դիվանագիտության այս տատանյալ քաղաքականությունը վարկաբեկում է արդեն սասանված հեղինակությունը միջազգային ասպարեզում, քանի որ եթե ստանձնում ես միջազգային պարտականություններ, պետք է կատարես դրանք, այլ ոչ թե զբաղվես դատարկ հռետորաբանությամբ:

Իսկ Թուրքիան բազմիցս խախտել է իր կողմից ստանձնած միջազգային պարտականությունները` նախ չվավերացնելով ցյուրիխյան արձանագրությունները, նախապայմաններ առաջ քաշելով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այլ գործընթացի հետ կապելով եւ այլն:

Մինչդեռ Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ի սկզբանե հիմնվել է առանց նախապայմանների սկզբունքի վրա: Ընդ որում հարկ է նշել, որ հայկական կողմի այս դիրքորոշումը ամբողջովին աջակցություն է ստանում միջազգային հարության դիրքորոշման հետ:

Հայկական դիվանագիտությունը ցույց տվեց, որ հավատարիմ է միջազգային իր պարտականությունների, որը միջազգային հարաբերություններում շատ բարձր է գնահատվում, ինչն էլ իր հերթին բարձրացնում է Հայաստանի վարկանիշը` որպես վստահելի գործընկերոջ:

Ըստ երեւույթին, թուրքական կողմը իր վարած նման քաղաքականության հետեւանքով հայտնվել է փակուղու մեջ. Թուրքիան կա´մ պետք է վավերացնի ստորագրված արձանագրությունները կա´մ էլ շարունակի  թատերական ներկայացումներ խաղալ միջազգային հանրության առջեւ` ցույց տալու, թե ցանկանում է հարաբերությունները կարգավորել Հայաստանի հետ:  Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Թուրքիան իր ընտրությունը կարծես կատարել է երկրորդ տարբերակի շուրջ:

Արմեն Պետրոսյան

Տպել
Ամենաշատ